Սեպտեմբերի 9-ին կայանալիք Վանաձորի քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ թեկնածու, Լոռիի նախկին փոխմարզպետ Էդիկ Կարախանյանին սատարելու նպատակով այսօր՝ սեպտեմբերի 7-ին Վանաձոր են այցելել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը, ով իր ելույթում նախ անդրադարձավ Գյումրիում առաջադրված Սամվել Բալասանյանին, նշելով, որ գյումրեցիները հասկացել են, որ պետք է Գյումրիի մթնոլորտն ու քաղաքապետին փոխել, ու նույնը պետք է Վանաձորում արվի: «10 տարուց ավել ղեկավարած քաղաքապետը պետք է թողնի իր պաշտոնը, որպեսզի նոր մարդիկ գան, որպեսզի քաղաքում փոփոխություններ լինեն»-ասաց նա, նշելով. «Նույն մարդիկ այստեղ ինձ ասում էին, որ այս տարիների ընթացքում քաղաքում ոչինչ չի արվել, քաղաքը աղբի մեջ կորած է, քաղաքը իր անցյալի շուքն է կորցրել…եւ իսկապես դա այդպես է»:
Իր ելությում Էդիկ Կարախանյանը հավաքվածներին վստահեցրեց, որ չկա որեւէ մեկը, որ կանգնի ու ամոթանք տա իրեն, ու որ ինքն իր կուսակցությամբ գալիս է աշխատելու ի նպաստ Վանաձոր քաղաքի շենացման ու վանաձորցու բարօրության, անտեսելով բոլոր խոչընդոտները, որ ուղղակի կամ անուղղակի ստեղծվում են քարոզարշավը խոչընդոտելու համար:





























