Հայաստանի Հանրապետության Արարատի, Արմավիրի, Լոռու, Շիրակի եւ Սյունիքի մարզերում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար ձեւավորված տեղամասային ընտրական հանձնաժողովների  կազմերում ընդգրկված 3856 քաղաքացիներից այսօր՝ մինչեւ ժամը 8.00-ն, տեղամասային ընտրական հանձնաժողով չեն ներկայացել 76-ը:  Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ԿԸՀ մամուլի ծառայությունից:

Ընդ որում` թիվ 17, 18, 19 եւ 30 ընտրատարածքներում հանձնաժողովների բացակայող անդամներ չեն եղել, իսկ  թիվ 32 եւ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում բացակայող քաղաքացիների թիվը կազմել է 20-ական հանձնաժողովի անդամ: ԿԸՀ-ից հայտնեցին նաեւ, որ մնացած ընտրատարածքներում տեղամասային ընտրական հանձնաժողովներ չեն ներկայացել եզակի թվով անդամներ: Չներկայացած անդամների տեղերը, ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, լրացրել են  ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահները` տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք ունեցող անձանց թվից: «Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ընթանում են բնականոն ընթացքով»,- հայտնեցին մամուլի ծառայությունից:  

Հիշեցնենք, որ Հայաստանում այսօր` սեպտեմբերի 9-ին, 481 համայնքներում անց են կացվում  ՏԻՄ ընտրություններ: Ընտրություններ են ընթանում  Արարատում, Արմավիրում, Լոռիում, Շիրակում, Սյունիքում: 379 համայնքում կընտրեն համայնքի ղեկավար, իսկ 454-ում՝ ավագանու անդամ: