Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ մոտակա ժամանակներում Վրաստանին չի հաջողվի ո'չ մտնել ՆԱՏՕ, ո'չ էլ վերադարձնել Աբխազիան եւ Հարավային Օսեթիան: Այս մասին, ըստ "Georgia Times-ի, Սահակաշվիլին նշել է «The Wall Street Journal»-ին տված հարցազրույցում, հավելելով, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի հույսերը «փաստացի մեռած են»:

Բացի այդ, Վրաստանի նախագահը հայտարարել է, որ երկրի համար հիմնական երեք նպատակները, որոնք են. ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին անդամակցությունը, ինչպես նաեւ Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի նկատմամբ վրացական իշխանության վերահսկողության վերադարձը, «դժվար թե հնարավոր լինի իրականացնել մոտակա ժամանակներս»:

Այս թեզիսները, ըստ «The Wall Street Journal»-ի, կհնչեն Սահակաշվիլիի ելույթում, որով նա մտադիր է հանդես գալ այսօր: Բացի այդ, նշվում է, որ Վրաստանի նախագահը պատրաստվում է հրապարակել մի շարք արտաքին քաղաքական նախաձեռնություններ, որոնք ուղղված են երկրում իրավիճակի բարելավմանը: