Հունվարի 21-22-ը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն կայցելի Մոսկվա, որտեղ կհանդիպի Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ: Այս մասին հայտնել է Ռուս ուղղափառ եկեղեցու արտաքին եկեղեցական կապերի բաժնի ղեկավար Իլարիոն արքեպիսկոպոսը: «Այս տարի կշարունակվեն փոխհարաբերությունները նախաքաղկեդոնական Եկեղեցիների միջեւ: Մասնավորապես, Պատրիարք Կիրիլը կշփվի Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ»,- ասել է Իլարիոնը:

Նշենք, որ հունվարի 21-ին Մոսկվայում Գարեգին Բ-ն մասնակցելու է ուղղափառ ժողովուրդների միասնության միջազգային հիմնադրամի մրցանակների հանձնման արարողությանը, որին պարգեւատրվելու է նաեւ ինքը:

Ի պատասխան Ամենայն Հայոց կաթողիկոսի այցելության՝ այս տարվա մարտին Հայաստան է ժամանելու Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը: Նա կհանդիպի ոչ միայն Հայոց Եկեղեցու հովվապետին, այլ նաեւ Հայաստանի առաջին դեմքերին: Սա կլինի Կիրիլի առաջին այցելությունը Հայաստանյաց Եկեղեցի: