ՄԱՊ ընկերությունը կաթսայատան հետ կապված արտադրական լուրջ խնդիրներ ունի, որի պատճառով չի կարողանում կատարել լոլիկի մթերումներ:
ՄԱՊ ընկերության ֆինանսական բաժնի տնօրեն Անդրանիկ Խաչատրյանը հայտարարել է, թե այս պահին վերանորոգման աշխատանքներ են ընթանում: «Երբ վերջացնենք ամպաման կմթերենք ու ոչ մի խնդիր չի լինի: Գյուղացիները տեղյակ էին, որ մեր մոտ տեւական ժամանակ վերանորոգման աշխատանքներ են ընթանում,հիմա էլ գիշեր-ցերեկ աշխատում ենք, որ շուտափույթ այդ հարցը լուծենք, բայց առաջիկա մի քանի օրերի ընթացքում գյուղացիները կարող են իրենց բերքը մթերել Արմավիր մարզի այլ մթերող ընկերություններ»,- նշել է նա:
Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն իր հերթին ասաց. «Գյուղացիները կարող են հավաքած լոլիկները տանել Արտաշատի պահածոների գործարան՝ «Արտֆուդ», մինչեւ ՄԱՊ-ի խնդիրները լուծվեն: Այստեղ լոլիկն ընդունում են 35 դրամով, որը նորմալ գին է»։
Նշենք, որ օրերս Արմավիրի մարզի գյուղացիները տարել էին իրենց լոլիկը ՄԱՊ եւ անակնկալի եկել. գործարանը հրաժարվել էր լոլիկը մթերել՝ պատճառաբանելով, որ խնդիրներ ունի։
Նման իրավիճակում են հայտնվել Այգավան, Արաքս, Մյասնիկյանի համայնքների գյուղացիները:





























