Սիրայում դեռեւս չկա միասնական քաղաքական ընդդիմություն: Միակ ուժը դա արմատական իսլամականներն են, որոնք փոխակերպվել են ընդդիմադիր ռազմական խմբավորումների: Այդ մասին այսօր ` սեպտեմբերի 12 –ին հրավիրված մամուլի ասուլիսում ասել է արաբագետ Կարեն Քոչարյանը:

Նրա խոսքով, ֆինանսավորում ստանալով դրսից ` հիմնականում Սաուդյան Արաբիայից ու Քաթարից , իսլամական արմատականները Սիրիայում կարողացել են ինքնակազմավորվել ու պայքարել տիրող վարչակարգի դեմ:

Արաբագետը նշեց , որ միակ սահմանը , որ չի վերահսկվում սիրիական իշխանությունների կողմից , դա Թուրքիայի հետ սահմանն է , որտեղից զենք ու ֆինանսներ են տրամադրվում այսպես կոչված ընդդիմադիրներին: Հենց Թուրքիայում է գործում ընդդիմադիր Ազգային կոնգրեսը, որը հիմնվում է իսլամական արժեքների վրա:

«Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները փոխեցին պայքարի բնույթը: Իշխանությունները եւ ընդդիմությունը հասան նրան , որ այժմ հակամարտությունը  որակվում է որպես սալաֆիական սուննի իսլամականների պայքար կրոնական մյուս խմբավորումների հետ: Պատահական չեր նաեւ, որ ուղերձ եղավ նաեւ փոքրամասնություններին ` այդ թվում հայերին ` դիրքորոշում հայտնելու կապակցությամբ»,- ասաց փորձագետը:

«Մտավախություն կա ,որ Ասադի վարչակարգի տապալումից հետո , քանի դեռ չկա միասնական կազմակերպված ընդդիմություն , կկրկնվի Լիբանանյան տարբերակը:  Քաղացիական պատերազմի արդյունքում  Սիրիայի տարածքում հնարավոր է ձեւավորվի էթնիկ պետություն:  Դե յուրե պետությունը կլինի , բայց այն բաժանված կլինի տարբեր կրոնական ու էթնիկ խմբերի միջեւ` այսպես կոչված ազդեցության գոտիների: Կա մեկ այլ տարբերակ ` այսպես կոչված սոմալիականը, երբ կան առանձին  անվերահսկելի զինված բրիգադներ ու կտիրի  անարխիա: Սակայն Սիրիայի առումով այս տարբերակը այնքան էլ հավանական չէ»,- ամփոփեց իր խոսքը փորձագետը: