Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն աշխատանքային այցով Լոնդոնում գտնվելու ժամանակ՝ ելույթ է ունեցել Kings College-ում՝ հայտնելով Թուրքիայի տեսակետները՝ տարածաշրջանային զարգացումների հետ կապված։

Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ «Հայաստանի հետ հարաբերությունները առանց նախապայմանի՞ եք վերականգնելու» հարցին, Դավութօղլուն պատասխանել է, որ թուրքական իշխանությունները այդ խնդրում իրենց ձեռքից եկած ամեն ինչ անում են։ «Թուրքիան տեսլական ունի, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ՝ տարածաշրջանում լարվածությունը կվերանա։ Մենք ցանկանում ենք տեսնել մի տարածաշրջան, որտեղ ավտոմեքենան Բաքվից դուրս կգա, կանցնի Ղարաբաղով, Նախիջեւանով եւ անվտանգ կհասնի Կարս։ Կովկասում խնդիրների լուծման վերաբերյալ բարձրաստիճան հանդիպումները շատ քիչ են։ Այս համատեքստում տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու համար անհրաժեշտ է, որ երկրների միջեւ տնտեսական կապերը ավելացվեն»,-նշել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։