Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Գեւորգ Ղազարյանին:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Արայիկ Քոթանջյանին երկարամյա համատեղ աշխատանքի համար եւ, բարձր գնահատելով  վերջին տարիներին Քանաքեռ-Զեյթունում կատարված դրական փոփոխություններն ու ձեռքբերումները, հույս է հայտնել, որ  քաղաքապետի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի աշխատանքների կազմակերպման գծով խորհրդականի նոր պաշտոնում Արայիկ Քոթանջյանն իր հետագա աշխատանքով եւս կնպաստի համայնքային ծրագրերի իրականացմանը:

Տարոն Մարգարյանը նաեւ ընդգծել է, որ  վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Գեւորգ Ղազարյանը, իր հասարակական գործունեության շրջանակում առնչվելով տեղական ինքնակառավարման համակարգին, ծանոթ է առկա հիմնախնդիրներին եւ հստակ պատկերացնում է դրանց լուծման ուղիները:

«Վստահ եմ, որ, ձեւավորված թիմային աշխատանքի ավանդույթները պահպանելով եւ շարունակելով, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը կշարունակի մնալ լավագույն եւ օրինակելի վարչական շրջաններից մեկը: Մեզ համար այսօր կարեւոր խնդիր է բնակչության կողմից բարձրացված խնդիրներին հետամուտ լինելն ու լուծումներ գտնելը: Մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում պետք է համապատասխան քայլեր ձեռնարկել նաեւ վարչական շրջանի զարգացմանն ուղղված ծրագրային քայլերի իրականացման ուղղությամբ: Ակնկալելում ենք արդյունավետ եւ բեղմնավոր աշխատանք»,- նշել է քաղաքապետը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հատկանշել է, որ հետեւողական եւ նվիրված աշխատանքի շնորհիվ վարչական շրջանի առջեւ ծառացած բոլոր խնդիրները հնարավոր կլինի կարճ ժամանակում լուծել եւ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում ապահովել կայուն զարգացում: