Ադրբեջանցի փորձագետները քննարկում են և անհրաժեշտ համարում թուրք-ադրբեջանական միացյալ զորամիավորման ստեղծումը: Մասնավորապես` Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Զահիդ Օրուջը Թուրքիայի և Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ստեղծել թուրք-ադրբեջանական զորամիավորում: Այս թեմայի շուրջ զրուցեցինք ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, թուրքագետ Լևոն Հովսեփյանի հետ:
Ինչպե ՞ս կմեկնաբանեք ադրբեջանցի փորձագետների կողմից թուրք-ադրբեջանական միացյալ զորամիավորման ստեղծման անհրաժեշտության մասին կոչերն ու քննարկումները:
Նախ հարկ է նշել, որ նման կոչեր կամ նման քննարկումներ նախկինում էլ են եղել, և սա նորություն չէ: Թուրք-ադրբեջանական միացյալ զորամիավորման ստեղծման մասին քննարկումներն սկսվեցին հատկապես վերջին շրջանում ադրբեջանաիրանական լարված հարաբերությունների ֆոնին: Թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունն ընդհանրապես ու միացյալ զորամիավորման ստեղծումը Ադրբեջանի ռազմական ու քաղաքական շրջանակների կողմից դիտվում է որպես հակակշիռ Ռուսաստանին, Իրանին և Հայաստանին. այսինքն` դա ուղղված է այդ երեք երկրների դեմ: Հասկանալի է, որ հատկապես Իրանի հետ իր բարդ ու լարված հարաբերություններում Ադրբեջանի համար Թուրքիան հանդիսանում է գլխավոր դաշնակիցը: Եվ այդ առումով Ադրբեջանի համար դա լավագույն տարբերակն է: Հատկապես Իրանի վերջին զգուշացումը Ադրբեջանին` Թուրքիայի հետ վիզային ռեժիմը վերացնելու հետ կապված և Նախիջևանի հետ ցամաքային սահմանի փակման սպառնալիքը լուրջ անհանգստություն է առաջացրել Ադրբեջանում և Թուրքիայում: Բացի այդ, թուրք-իրանական հարաբերություններն էլ այսօր գտնվում են ոչ բարիդրացիական մթնոլորտում և խորքային առումով բավական լարված են:
Հնարավոր համարու՞մ եք նման հարցի քննարկումը երկու երկրների կառավարությունների միջև և որքանո՞վ է հավանական նման զորամիավորման ստեղծումը:
Հարկ է նաև ընդգծել, որ այդ զորամիավորման ստեղծման անհրաժեշտության հարցը ադրբեջանցի փորձագետների կողմից բարձրաձայնվեց հատկապես վերջերս Գաբալայում կայացած Թուրք-ադրբեջանական բարձր մակարդակով ռազմավարական խորհրդի նիստից հետո, որտեղ ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև երկկողմ ռազմական համագործակցության հարցերը: Չի բացառվում, որ միացյալ զորամիավորման ստեղծման հնարավորության մասին խոսվել է հենց այդ շրջանակում:
Երկու երկրների միջև իրավական առումով դա որևէ խնդիր չէ, քանի որ ռազմական ոլորտում երկու երկրների միջև իրավապայմանագրային բազան դրա հնարավորությունը տալիս է: Այսինքն՝ այս առումով ոչ մի խնդիր չկա: Առավելապես խնդիրը աշխարհաքաղաքական հարթությունում է, քանի որ նման զորամիավորումների ստեղծման պարագայում Թուրքիան և հատկապես Ադրբեջանը լուրջ խնդիրներ կունենան առաջին հերթին Ռուսաստանի ու Իրանի հետ: Ուստի, Ադրբեջանը ստիպված է հաշվի նստելու այդ գործոնների հետ:
Ինչպես նշեցիք, նախկինում եղել են նման կոչեր կամ քննարկումներ, կմանրամասնեք:
Իհարկե: Դեռևս Արցախյան պատերազմի տարիներին Թուրքիան մարդկային ու ռազմատեխնիկական լուրջ օգնություն է ցույց տվել Նախիջևանում տեղակայված ադրբեջանական զորամիավորումներին: Կան փաստեր, որ Նախիջևանում կենտրոնացված են եղել թուրք կամավորները, որոնք աստիճանաբար փոխադրվել են ռազմական գործողությունների թատերաբեմ:
Իսկ ինչո՞վ էր պայմանավորված Իրանի կողմից Թուրքիայի հետ վիզային ռեժիմի վերացման հետ կապված կոշտ զգուշացումը եւ Նախիջեւանի անվան շոշափումը:
Իրանը բավական զգայուն է Նախիջևանի նկատմամբ թուրքական հավակնությունների ու քաղաքականության նկատմամբ և վերջին զգուշացումը վիզային ռեժիմի վերացման հետ կապված հենց դրա վկայությունն է: Նախիջևանում թուրք-իրանական մրցակցությունը և Թուրքիայի ցանկացած քայլ, որը էական նշանակություն կարող է ունենալ հատկապես ռազմաքաղաքական մասով, այսուհետ կհանգեցնի Իրանի կոշտ դիմակայությանը: Նշենք, որ Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Հոսեյն Էբրահիմին հայտարարել էր, որ Նախիջևանի նկատմամբ իր քաղաքականությունը Իրանը պետք է վերանայի: Կարծում եմ` Իրանի կողմից վերջին զգուշացման մեջ Նախիջևանի անվան շոշափումը պայմանավորված է Թուրքիայի աճող ռազմաքաղաքական ազդեցությամբ, ինչը պետք է որ անհանգստացնի իրանական կողմին:




























