Այսօր՝ սեպտեմբերի 15-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Բացման խոսքում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ասել է. «Մենք այսօր պետք է ամփոփենք 2012թ. առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանի Հանրապետության համապատասխան գերատեսչությունների կողմից թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում կատարված աշխատանքները: Դեռեւս 2011թ.-ի ներկայացված ուսումնասիրությունները մեզ հիմք տվեցին պնդելու, որ մենք ունենք կայունության դրսեւորում թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտներում: Գրանցված իրավախախտումների վերլուծությունը ցույց է տալիս, որ դեռեւս 2011թ. գրանցվել էր 1525 դեպք, եւ նախորդ տարվա համեմատ աճ չէր արձանագրվել: Արդեն 2012թ.-ի առաջին կիսամյակի պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ հանցագործությունների թիվը նվազել է 34.2 տոկոսով, նաեւ ընդունվել են բազմաթիվ իրավական ակտեր, որոնք նպաստել են թմրամոլության դեմ պայքարի ոլորտում հանցագործությունների կանխարգելմանն ու նվազմանը: Իրավախախտումների աճի բացակայությունն այս ոլորտում արդեն իսկ դրական է, բայց մենք պետք է քայլեր գործադրենք, որ դրանց ծավալները հետեւողականորեն նվազեն: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դեռեւս մտահոգիչ դեպքեր կան տարբեր ոլորտներում եւ ես կարծում եմ, որ միջգերատեսչական հանձնաժողովն այս ուղղությամբ ունի ասելիք, անելիք, եւ մենք պետք է ակտիվ աշխատենք հանցագործությունների կանխարգելման եւ բացահայտման ուղղություններով»:
Այնուհետեւ միջգերատեսչական հանձնաժողովի անդամները հանդես են եկել ՀՀ Նախագահի համապատասխան կարգադրությամբ հաստատված «2009-2012թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագրի»` իրենց գերատեսչության մասով իրականացված աշխատանքների վերաբերյալ զեկույցներով: Բանախոսները փաստել են, որ 2012թ. ընթացիկ ժամանակաշրջանում ըստ ժամանակացույցի հաջողությամբ իրականացվել են ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները եւ ակնկալվում են դրական արդյունքներ:
Նիստում նաեւ քննարկվել են թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերին վերաբերող մի շարք միջոցառումներ:





























