Սեւանի «Հայոց օջախ» ռեստորանահյուրանոցային համալիրի առանձնասրահում 28-ամյա Հակոբ Մնացականյանը ոչ բնական եղանակով (կոռեկտությունից ելնելով մանրամասները չենք ներկայացնում-խմբ.) սեռական հարաբերություն է ունեցել Հեղինեի հետ, բջջային հեռախոսով նկարահանել, ապա ծնողներին ցույց տալու սպառնալիքով աղջկանից բջջային հեռախոս եւ գումար է պահանջել:

NEWS.am-ը Սեւանի ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացավ, որ սույն գործն այնտեղ վարույթ է ընդունվել սեպտեմբերի 10-ին: 28-ամյա Հակոբ Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «Հայոց օջախ» ռեստորանահյուրանոցային համալիրի առանձնասրահում Հեղինե Ասլանյանի հետ, վերջինիս համաձայնությամբ, ոչ բնական եղանակով սեռական հարաբերություն է ունեցել, ինչը  նկարահանել է բջջային հեռախոսով: Ավելի ուշ  համացանցով Հեղինեի հետ շփման ընթացքում նրանից պահանջել է 162 հազար ՀՀ դրամ արժողությամբ բջջային հեռախոս եւ 60 հազար ՀՀ դրամ գումար` հակառակ դեօպքում սպառնալով նկարները ցույց տալ աղջկա ծնողներին: Հակոբը,  պահանջվածն ստանալու նպատակով Սեւան քաղաքում հանդիպելով Հեղինեի հետ եւ պարզելով, որ վերջինս գումարն ու հեռախոսը չի բերել, մեքենայի սրահում աղջկա կամքին հակառակ կրկին ոչ բնական եղանակով սեռական բնույթի գործողություններ է կատարել եւ կրկին նկարահանել:

Արդյունքում աղջիկը դիմել է ոստիկանություն: Հեղինեն գրավոր դիմում է ներկայացրել դատարան, որով խնդրել է դատաքննությունն անցկացնել իր բացակայությամբ` հիմք ընդունելով նախաքննության ցուցմունքները, միաժամանակ հայտնելով, որ ամբաստանյալից որեւէ պահանջ չունի եւ չի առարկում արագացված դատաքննության դեմ։ Իսկ արագացված դատաքննության ընթացքում դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի 4-րդ մասով, համակցությամբ, պատիժները մասնակի գումարելու միջոցով վերջնական պատիժ է նշանակել` 4 տարի 6 ամիս ազատազրկում`առանց գույքի բռնագրավման: Մեղադրյալը պատիժը կկրի Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում:

Հ.Գ Տուժողի եւ դատապարտյալի անուն ազգանունները փոխված են:

Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը