Երբ անցած տարի սոցիալական Facebook ցանցում «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությունը բարձրացրեց գիտության ֆինանսավորման հարցը, Հայաստանի պատասխանատու այրերն անմիջապես հակափաստարկներ ներկայացրեցին` ինստիտուտների պահպանման համար մեծ գումարներ են ծախսվում, գիտությանը հատկացված գումարները ոչ արդյունավետ են ծախսվում եւ այլն: Անգամ հեռետորական հարց հնչեց` ո՞ ր ոլորտից կտրել` կրթությունից, առողջապահությունի՞ ց, թե՞ բանակից:

Ընթացիկ տարում Հայաստանում գիտության ոլորտի հատկացումները կազմել են բյուջեի 1%-ը  կամ ՀՆԱ-ի  0,25% -ը`  կազմելով  10,3  մլրդ դրամ:

Ինչ վերաբերում է  բյուջեին, ապա գումարները հնարավոր է ավելացնել: Եթե պետությունը, ելնելով մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներից,  գտնվում է տնտեսման ռեժիմում, ապա դա հավասարապես վերաբերում է բոլորին:

Պետք է խստովանել, որ բյուջեում գումարներն իսկապես քիչ են, սակայն գումարներ կան երկրում` դատելով  որոշակի շրջանակների կենսամակարդակից` անգամ բավականաչափ: Կա դրանք «արդարացի բաշխելու» խնդիր:

Եթե պետական գանձարանում կան գումարներ մարզիկներին մեդալների համար 30, 20  եւ 10 մլն դրամ հատկացնելու համար, ապա ինչո՞ ւ այդ գումարները չեն բավարարում ֆիզիկայի եւ մաթեմատիկայի  օլիմպիադաներում  մեդալներ նվաճած մեր երեխաների համար: Ինչու են գործարարները պատրաստակամությամբ  ֆիանսավորում սպորտը, իսկ գիտությունը` ոչ: Թող մեր մարզիկները չնեղանան, սակայն սպորտը դա պետական քաղաքականության այնքան կարեւոր ռազմավարական բաղադրիչ չէ, ինչպես գիտությունը: Նրանից կախված չէ երկրի ապագան: Հաշվի առնելով մեր երկրում բնական ռեսուրսների բացակայությունը եւ մարդկային ռեսուրսի առկայությունը` գիտությունը մեզ համար դառնում է ոչ այնքան հետագա զարգացման հիմքերից մեկը, որքան գոյությունը պահպանելու հիմքը: Սակայն գիտության նկատմամբ պետության վերաբերմունքից առայժմ այդ գիտակցումը չի երեւում:

Կարծում ենք նաեւ, որ աղքատության դեմ տարվող պայքարում իշխանությունները իրենց հայացքը պետք է ուղղեն նաեւ գիտության տաճարի սպասավորներին:

Ի՞ նչ են ասում գիտնականները. միջազգային պրակտիկայում պետության վերաբերմունքը գիտության նկատմամբ արտացոլված է հստակ թվերով` ՀՆԱ-ի 1 - 2%-ը: Գիտնականները մեխանիկական բարձրացում չեն պահանջում, նրանք առաջարկում են հետեւել ՀՆԱ-բյուջե-գիտության ֆինանսավորում հավասրակշռության պահպանությանը:

Բացի այդ, գիտնականներին խրախուսման մասնավոր նախաձեռնությունները եւս մեծ ձեռքբերում կլինի:

Ինչեւէ, «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությունն արձանագրում է, որ չնայած վերջին տեղաշարժին, իրենց պահանջները չեն նվազել, եւ իրենք ձեռքբերվածով չեն բավարարվի: