Լոռիի մարզի Տաշիրի տարածաշրջանի հեռավոր Մեծավան համայնքում այսօր՝ սեպտեմբերի 17-ի գիշերը կրկին մեծ քանակությամբ անասնակեր է հրդեհվել: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 01:50-ին Լոռիի մարզային փրկարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Մեծավան գյուղի Գայի փողոցի մոտակայքում կուտակված անասնակերը կրկին այրվում է: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ըստ ԱԻՆ-ի հաղորդագրության, հրդեհը մեկուսացվել է ժամը 02:18-ին, մարվել՝08:16-ին: Ընդհանուր առմամբ այրվել է 17,2 տոննա անասնակեր: Հիշեցնենք, որ մեկ օր առաջ կրկին նույն վայրում մեծ քանակությամբ անասնակեր էր այրվել: Սեպտեմբերի 16-ին, ժամը 04.15-ի սահմաններում նույն վայրում այրվել էր խոտի դեզ: Այրվել էր Գ. Ղանդիլյանին պատկանող 900 հակ անասնակերից շուրջ 350-ը: NEWS.am-ի Լոռիի թղթակիցը նաեւ հայտնում է, որ տարվա այս սեզոնին քիչ չեն դեպքերը, երբ գյուղացիները խոտի դեզը հրդեհում են դիտավորյալ, այդ կերպ վնասելով հարեւանին: Նմանատիպ մի քանի դեպք գրանցվել է նախորդ տարի մարզի Աքարակ համայնքում:

Լուսանկարը՝ Էդվարդ Արզումանյանի