Վայքի նորանշանակ մարզպետ, ՀՀԿ-ական Էդգար Ղազարյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում ուղեկցում է Եղեգնաձորի քաղաքապետի թեկնածու առաջադրված, գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Սիրեկան Բաբայանին: Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը.
«Մարզպետն իր ելույթներում խիստ քննադատության է ենթարկում իր նախորդին` Սերգեյ Բագրատյանին, ով ԲՀԿ-ն էր ներկայացնում:

«Եթե ձայն տաք ԲՀԿ-ին, Ձեզ մի հատ զիբիլի ավտո է տալու: Ընտրություններից երկու օր առաջ փուչիկներ կկապեն վրան, իրենք` էլ մի 30 «ջիպ»-երով կընկնեն ետեւից կգան, դեմը կկանգնեն` կերգեն, կպարեն, զիբիլի ավտոն կտան ու կգնան»,- հանդիպումներից մեկի ժամանակ ասել է Էդգար Ղազարյանը:

«Առավոտի» հետ զրույցում մարզպետը հաստատեց, որ ոչ աշխատանքային ժամերին ինքն իսկապես ուղեկցում է Սիրեկան Բաբայանին: Հաստատեց նաեւ, որ քննադատական խոսքեր հնչեցրել է նախկին մարզպետի եւ ԲՀԿ-ի հասցեին. «Քննադատությունս էլ ոչ թե վերաբերում է անձնապես նախկին մարզպետին, այլ, ես այսպես եմ հիշում իմ ելույթներում, որ կոալիցիոն համաձայնագրով մեր մարզը ղեկավարելու իրավասությունը վերապահվել է ԲՀԿ-ին` շուրջ հինգ տարի: Այդ ընթացքում երկու տարբեր մարդիկ են եղել մարզպետներ: Ես համեմատության մեջ եմ դնում ԲՀԿ-ի կարգախոսը` «Միասին կառուցենք բարգավաճ երկիրը», իրականության հետ»,- գրում է «Առավոտը»: