ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը ուզում է  հավատել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի անկեղծությանը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

Նրա կարծիքով՝ Սերժ Սարգսյանի՝  Կառավարության հետ հրավիրված խորհրդակցությունը ցույց է տալիս, որ «հասել մի կետի, որից հետո անհնարին է ղեկավարել երկիրը»: « Ես չեմ ուզում համարել, որ սա նախընտրական քայլ է, ես չեմ համարում դա փիառ՝ երկու պատճառով: Առաջին պատճառն այն է, որ հասարակությունը քիչ դեր ունի ընտրություններին եւ Հայաստանում ընտրվում են ոչ թե հասարակությանը դուր գալով, այլ օգտագործելով ադմինիստրատիվ ռեսուրը եւ գումարը: Խոսքը գնում է այն մասին, արդեն երկար ժամանակ Հայաստանում գործող նախագահը ուզում է մի բան փոխել եւ հանձնարարություն է տալիս Կառավարությանը, իսկ վերջինս կամ չի ուզում դա անել կամ չի կարողանում անել»,- ասաց նա: Նրա կարծիքով՝ եթե Սերժ Սարգսյանը չի կարողանում իր շրջապատի մարդկանց բռնել, իր ընտանիքի ներսում կարգուկանոն հաստատել, իր ընկերներին սաստել, ապա պետք է հրաժարական տալ:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, նշեց, որ Կառավարության հետ հրավիրած խորհրդակցության իմաստը շեղելը հերյուրանք է, եւ նա որեւէ հակասություն չի տեսնում գնահատականների միջեւ: «Վերջին խորհրդակցությունը վերաբերում էր ոչ թե ամբողջ տնտեսությանը, այլ դրա մի մասին՝ գնումներին»,- ասաց նա: