Հայաստանի Սահմանադրական դատարանը հունվարի 14-ին կայացած նիստում հակասահմանադրական է ճանաչել ՀՀ Քրեական օրենսգքրի 343-րդ հոդվածը (Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը):
Նշենք, որ այդ հոդվածի սահմանադրականությունը քննելու նպատակով ՍԴ-ին էր դիմել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Այդ՝ 343-րդ հոդվածով Հայաստանում ընթանում էր երկու դատավարություն 4 փաստաբանների՝ Մուշեղ Շուշանյանի, Դիանա Գրիգորյանի, Արա Զաքարյանի եւ Արթուր Գրիգորյանի:
Նրանց բոլորի դեմ էլ քրեական հետապնդում էին սկսել հետմարտիմեկյան գործերով՝ դատավորների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեղադրանքով: Մուշեղ Շուշանյանը քաղբանտարկյալ Վարդգես Գասպարիի դատաքննության ժամանակ բողոքել էր դատավոր Արշակ Պետրոսյանի ապօրինի գործողությունների դեմ եւ լքել դահլիճը, իսկ մյուս երեք փաստաբանները Երեւանի քրեական դատարանում 2008թ. հոկտեմբերի 31-ին լքել էին դահլիճը՝ բողոքելով դատավոր Եվա Դարբինյանի ապօրինի պահվածքի դեմ: Դատավորները դիմել էին փաստաբաններին քրեական պատասխանատվության ենթարկելու խնդրանքով, եւ փաստաբանների դեմ քր.գործ էր հարուցվել: Փաստաբան Դիանա Գրիգորյանը NEWS.am-ին հայտնեց, որ այժմ դատարանները ստիպված են լինելու կարճել գործերը, քանի որ ՍԴ որոշումից հետո այդ հոդվածը փաստացի այլեւս գոյություն չունի: Ի դեպ, փաստաբանները ՍԴ դիմելու համար Հայաստանում պետք է սպառեին բոլոր ատյանները, ուստի դիմել էին ՄԻՊ-ին ավելի վաղ ՍԴ-ին հայց ներկայացնելու համար:
Նշենք, որ քր.օր-ի 343 հոդվածով նախատեսվում է տուգանք կամ մինչեւ 3 ամիս կալանք:




























