Այն, որ մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում փուչիկների պայթյունի եւ դրա հետեւանքով 200-ից ավելի երիտասարդների այրվածքների դեպքի հետ կապված դատավարությունը ֆարս է եւ ՀՀ պատմության մեջ ամենազանգվածային աղետներից մեկի մեղքը մեկ հոգու վրա բարդելու փորձ, ի սկզբանե պարզ էր: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«Պարզ էր նաեւ, որ ՀՀԿ-ական համերգ-հանրահավաքի կազմակերպիչներն են մեղավոր կատարվածի համար, քանի որ տեղյակ են եղել վտանգի մասին: Եթե մինչ այժմ սրա մասին խոսակցությունները միայն տրամաբանական հետեւություններ էին, ապա երեկ մեզ հաջողվեց գտնել դրա ապացույցները: Գործով միակ ամբաստանյալ Սերոբ Բոզոյանի ծանոթներից մեկը, որը շատ լավ գիտի, թե երբ եւ ինչ պայմաններում էր նա լիցքավորել փուչիկները, երեկ մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ Բոզոյանը համերգի կազմակերպիչներին մի քանի անգամ զգուշացրել է, որ նրանց պատվիրած տարբերակը վտանգավոր է եւ պայթյունավտանգ:
Անտեսելով այդ զգուշացումները` ՀՀԿ-ական տխրահռչակ դեմքերը հենց այդ փուչիկներն են տարել հրապարակ, հենց այդ փուչիկներն են բաժանել համերգին ներկա հարյուրավոր երիտասարդներին եւ նույնիսկ իրենց նեղություն չեն տվել ամեն ինչ անել, որ «էժանով» ձեռք բերած փուչիկները չպայթեն»,- գրում է «Հայկական ժամանակը»։





























