«Առավոտ» թերթը գրում է. «Aravot.am-ը ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանին հետաքրքրվեց` Դուք նման մտավախություններ ունե՞ք, որ գուցե սխալ է ՀԱԿ-ի` վերջերս որդեգրած քաղաքական կուրսը ԲՀԿ-ի հետ հարաբերությունների առումով: Պարոն Իգիթյանը պատասխանեց. «Ճիշտն ասած` ես չեմ պատկերացնում ԲՀԿ-ի քաղաքական գաղափարախոսությունը: Ես չեմ հասկանում ԲՀԿ-ի տեղը այսօրվա իրավիճակում: Այստեղ կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ: Օբյեկտիվ պատճառն այն է, որ քաղաքական դաշտը նենգափոխված է, բնական չէ, որ դու հասկանաս:
Սուբյեկտիվ պատճառն այն է, որ դա մի մարդու կուսակցություն է, որը բիզնեսմեն է: Իսկ Հայաստանում բիզնեսով զբաղվելը շատ դժվար է, եւ բիզնեսմենը պետք է լավ հարաբերություններ ունենա իշխանության հետ, թե չէ` ինքը մի օրում կկորցնի իր բիզնեսը:
Այնպես որ` այս վիճակում գնահատականներ տալ` արդյոք դա ընդդիմությո՞ւն է, արդյոք նրանք ինչ-որ նպատակներ ունեն իշխանության գալու, թե` այս իշխանությունը տապալելու` ես այս հարցի պատասխանը չգիտեմ եւ չեմ տեսնում քայլեր նույնիսկ: Իսկ ՀԱԿ-ի հիմնական բանաձեւն ուղղված է այս իշխանությունների վերացմանը: Խոսքը ԲՀԿ-ի մասին չէ, խոսքը ՀՀԿ-ի կլանի մասին է:
ՀԱԿ-ը արդեն 4-5 տարի է` պաքարում է հենց այս կլանի դեմ: Ես չգիտեմ` արդյոք ԲՀԿ-ն կարո՞ղ է միանալ այս պայքարին խիստ ձեւով, ոչ թե հայտարարելով, թե` մենք կոնստրուկտիվ ընդդիմություն ենք եւ առաջարկում ենք այսինչ օրենքում ստորակետը այս բառից հետո փոխել այս բառից առաջ: Այլ քայլերով պաքարել՝ Հայաստանում թեկուզ թավշյա, բայց իշխանափոխություն անելու»»,- մեջբերում է «Առավոտը»:




























