Երեւանի Աբովյան պուրակին հարակից տարածքում «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամին կհատկացվի հողատարածք՝ Հրանտ Մաթեւոսյանի տուն-թանգարան կառուցելու համար: Ի դեպ, հողհատկացման հարցն ընդգրկված է կառավարության վաղվա նիստի օրակարգում: Այդ մասին գրում է «168 ժամ» թերթը։
«Պուշկինի անվան զբոսայգուն հարող տարածքում «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամին 2004թ.-ին անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրվել էր հողամաս, սակայն հաշվի առնելով տվյալ հողամասում կառուցապատման հետ կապված բարդությունները` առաջարկվել է տրամադրել այլ տարածք։
Հայաստանի ճարտարապետների միությունում 2011թ.-ի դեկտեմբերին տեղի է ունեցել հասարակական քննարկում` հասարակական կազմակերպությունների եւ հիմնադրամի ներկայացուցիչների մասնակցությամբ: Արդյունքում հավանություն է տրվել Աբովյան հրապարակին հարող տարածքում «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոնի ստեղծման նպատակահարմարությանը։ Հողատարածքը գնահատվում է 14 մլն 40 հազար դրամ:
Նախատեսվում է 360 քառակուսի մետրի վրա կառուցել երկհարկ շինություն, որտեղ հավուր պատշաճի կհավերժացվի Հրանտ Մաթեւոսյանի հիշատակը եւ նրա մշակութային ու հասարակական ժառանգությունը կներկայացվի հանրությանը»,- գրում է «168 ժամը»:




























