Հետկանչ: Սա է ժամանակից թարմությունը կորցրած ձվի ճակատագիրը: Պատճառները կարող են լինել երկուսը: Առաջինը`

…Սառնարանում` նեղվածք

Տանտիրուհիները, փոքր խանութից կաթ տուն բերելով, տեսած կլինեն, որ երբեմն կաթսայի մեջ չի լցվում. տուփի մեջ սառցակալել է: Դե ինչ, հինգ քառակուսու վրա աշխատող խանութը դժվար թե առանձին սառնարանային ստելաժներ ունենա ամեն ապրանքատեսակի ջերմաստիճանով: Դա էլ դեռ ոչինչ: Lինում է` ապրանքի համար սառնարանում տեղ էլ չկա: Այդպես էլ, ըստ երեւույթին, պատահեց այս անգամ, որովհետեւ ձվի պահպանման ժամկետը չէր խախտվել. էլ ինչու պիտի փչանային , եթե ոչ սառնարանում տեղի պակասից: «Աշտարակի» սեփականատերերի ներկայացուցիչ Վարուժան Բալասանյանի ներկայացմամբ, շրջաններում բազմիցս ականատես են եղել, թե ինչպես են ձուն վաճառում սեղանի տակից. սառնարանում տեղ չկա: «Մի օր էլ ինչ տեսնենք. տեղ չկա` լավ, բայց ձուն վերցրին, դրեցին սառնարանի տակ: Որ սառնարանին մոտ է` չի նշանակում սառն է. ամառվա շոգին ձուն դրել էին սառնարանի շարժիչի մոտ»: Կա եւ երկրորդ վարկածը`

…Դիմահարդարություն

«Ձուն թարմ է՞». մեր այդ հարցին եթե վաճառողը պատասխանի` տաս օրվա է, հաստատ չենք գնի: Բայց պատշաճ պահպանման դեպքում, դրա պահպանման սահմանը կազմում է 21օր (դիետիկ ձվինը` 7 օր): Այնպես որ պահպանման իմաստով ստուգված հավկիթները ժամկետանց չէին` ամենահինը 15 օրեկան էր: Սակայն, ըստ Սննդի անվտանգության ծառայության, մակնշումը կեղծ էր: Հավկիթի երեսին ավելի նոր ժամկետ էր տպված («արտադրվել է վաղը» մոդելով): Հենց այդ խախտման մասին է վկայում սեպտեմբերի 13-ին ծառայության կատարած ստուգումը: Սառնարանի հարց էլ այստեղ չի առաջանում: Դրա համար էլ վերը նշված հետկանչը հանձնարարված է կատարել արտադրողներին: Վերջիններս էլ վկայակոչում են օրենքը: «Այնտեղ, որտեղ խանութը պահպանման պայմաներին չի հետեւում, աշխատում ենք ձու չառաքել: Բայց էդ «դեսպանական հետկանչը» մեզ վրա ինչու՞ են դնում. խանութին վաճառել ենք, այսուհետ նա է պատասխանատու: Ըստ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի` անորակ ապրանքի հետկանչը պիտի կատարի ապրանք տնօրինողը, այսինքն` խանութը»: Օրենքի մեջ իսկապես այդպես է գրված, իսկ «Վարչական րավախախտումների մասին» օրենսգիրքը տուգանք է նախատեսում միայն վաճառողի, բայց ոչ անբարեխիղճ արտադրողի նկատմամբ: 

Դիվանագիտական անձեռնմխելիություն

Մեզ հասած տեղեկությունների համաձայն, «Աշտարակի», «Արզնու» եւ «Լուսակերտից» բացի, վատորակ նմուշներ էին գտել նաեւ մեկ այլ ընկերության արտադրանքից (անունը չենք նշում): Սակայն հրապարակված հաղորդագրության մեջ այդ փաստը չի նշվել: Ասել կուզի` այդ հավկիթները դիվանագիտական անձեռնմխելիություն ունեցան...

Իհարկե, ոչ այդ, ոչ էլ մնացած արտադրողները մեղավոր չեն, եթե շրջաններում կրպակների եկամուտը չի բավարարում մեկի տեղը երկու սառնարան ունենալու: Եթե խանութը մի սառնարանի տեղը երկուս չի կարող գնել, ուրեմն առաքիչները նրանց մեկի տեղը երկու անգամ պիտի այցելեն: Դա էլ արտադրողի համար լրացուցիչ ծախս է: Այստեղից էլ մեկ հարց է բացվում. ձվի արտադրությունը մեզ մոտ ամբողջությամբ կենտրոնացված է Երեւանի շուրջ: Շիրակում, որտեղ հայտնաբերել են խախտումներ, կա Բայանդուրի թռչնաֆաբրիկան, որը ձեռք է բերվել, բայց հիմա չի գործում: Գնդեւազի թռչնաֆաբրիկան կարող էր գոնե մասամբ սպասարկել Վայոց Ձորն ու Սյունիքը: Սակայն նա էլ նույն իրադրության մեջ է, ինչ Բայանդուրը: Սակայն դա արդեն այլ պատմություն է: 

Արամ Գարեգինյան