Սյունիքի մարզի շահումյան գյուղի մոտակայքում՝ «Դենո-Գոլդ-Մայնինգ քոմփանի»  ՓԲԸ-ի հարակից տարածքում, ակտիվացել են սողանքային երեւույթներ: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է սեպտեմբերի 20-ին, ժամը 10.46-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից,  դեպքի վայր է մեկնել Սյունիքի մարզային փրկարար վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ սողանքն ընդգրկում է մոտ 2,5 հա տարածք: Սողանքային զանգվածի շարժման դեպքում կվնասվի մոտ 180մ հեռավորության վրա գտնվող կոմբինատը, եւ մոտ 200 մ հեռավորության վրա գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհը:

Սողանքի տարածքում գտնվում է բարձրավոլտ լարման էլ. սյուն (110 000 վոլտ): Դեպքի մասին տեղեկացվել են Կապան քաղաքի փոխքաղաքապետը, մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետը: