Մատենադարանի նոր գիտական մասնաշենքում այսօր՝ սեպտեմբերի 20-ին, տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի երկրորդ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին նախագահի մամուլի ծառայությունից, մինչեւ նիստի օրակարգում ներառված հարցերի քննարկումը, նախագահը տեղեկացրել է, որ առաջին նիստից՝ 2011թ. մայիսի 30-ից հետո քարտուղարությունը աշխատանքներ է իրականացրել հանձնաժողովի հանձնարարությունների կատարման ուղղությամբ: Հանձնարարականներ էին տրվել նաեւ ՀՀ արտաքին գործերի եւ սփյուռքի նախարարություններին՝ տարբեր երկրներում տարածաշրջանային հանձնախմբերի ձեւավորմանն աջակցելու եւ համադրված ջանքերով տարաբնույթ միջոցառումներ կազմակերպելու համար: Այդ ուղղությամբ եւս, ըստ հանրապետության ղեկավարի, որոշակի աշխատանքներ են տարվել: Դրանց մասին նիստում հանձնաժողովին հաղորդումներ են ներկայացվել:

Օրակարգի հարցերի շրջանակում նիստի մասնակիցներն անդրադարձել են պետական հանձնաժողովի եւ հանձնաժողովին կից փորձագիտական խմբի կազմերին: Ներկայացվել է հանձնաժողովի կազմն ընդլայնելու առաջարկություն, որն ընդունվել է: Որոշման համաձայն, հանձնաժողովի կազմում ընդգրկվել են Հոմենետմենի, ՀԲԸՄ Հայ երիտասարդաց ու Հոմենմենի ներկայացուցիչները՝ հաշվի առնելով երիտասարդությանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին ներգրավելու կարեւորությունը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել է նաեւ «Փյունիկ» հիմնադրամի նախագահ, բարերար Գաբրիել Ջամբարջյանը (Ջամբարջին): Նշվել է, որ այդ հիմնադրամն է ֆինանսավորում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի վերանորոգման եւ ընդարձակման աշխատանքները, ինչպես նաեւ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի նախագիծը:
Հայաստանում հիմնադրամի կողմից իրականացվում են բազմաթիվ այլ ծրագրեր:

Նիստում հաստատվել է նաեւ հանձնաժողովին կից փորձագիտական խմբի 25 հոգանոց կազմը՝ չբացառելով հետագա համալրման հնարավորությունը: Պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանի առաջարկը՝ որպես սկզբունք ընդունել փորձագիտական խմբում Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած եւ դրա համար ՀՀ նախագահի մրցանակի արժանացած անձանց ընդգրկելն ու ամեն տարի այդ կազմը նոր մրցանակակիրներով համալրելը, ընդունվել է հանձնաժողովի կողմից: Հայկ Դեմոյանն այսօր առաջարկել է Հարություն Մարությանի թեկնածությունը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստում ի գիտություն է ընդունվել 2011-2012թթ. ընթացքում պետական հանձնաժողովի քարտուղարության կողմից իրականացված աշխատանքների հաշվետվությունը, որը ներկայացրել է հանձնաժողովի քարտուղար, ՀՀ ԳԱԱ ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Նիստի մասնակիցները լայն քննարկում են ծավալել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպվելիք միջոցառումների ընդհանուր ռազմավարության, հայեցակարգային ու ծրագրային մոտեցումների եւ հանձնաժողովի գործունեության ուղղությունների շուրջ: Կարեւորվել են առաջադրված նպատակների իրագործման հարցում հայության բոլոր հատվածների՝ Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի միասնական քայլերն ու ջանքերի համադրումը:

Օրակարգի հարցերի շրջանակում հանձնաժողովը քննարկել եւ հաստատել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների առանձնանշանի եւ կարգախոսի մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը:

Քարտուղարությանը հանձնարարվել է հրապարակել հայտարարության տեքստը: Նկատի առնելով տարելիցի կապակցությամբ կազմակերպվելիք միջոցառումների հանրային իրազեկման եւ լուսաբանման կարեւորությունը, նաեւ համացանցի միջոցով հայ եւ օտար լսարաններին այդ տեղեկությունների հետեւողականորեն նեկայացումը՝ պետական հանձնաժողովի քարտուղարությունը ներկայացրել է հանձնաժողովի պաշտոնական կայքէջի նախագիծ: Նախատեսվում է, որ ընթացիկ տարում կայքէջը կթողարկվի՝ մեկնարկային 7 լեզուներով:

Հանրապետության նախագահը հանձնաժողովի անդամներին տեղեկացրել է, որ սկսվել են նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հիմնական վերանորոգման, Հայոց ցեղասպանության թանգարանի ընդարձակման եւ նոր ցուցադրության կազմակերպման աշխատանքները: Այս նախաձեռնությունը, Սերժ Սարգսյանի հավաստմամբ, 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպվելիք միջոցառումների շարքից է։

Նիստում քննարկվել է նաեւ պետական հանձնաժողովի եւ փորձագիտական խմբի գործունեության ֆինանսավորման հարցը: ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է ուսումնասիրել հարցը եւ առաջարկություններ ներկայացնել՝ 2013թ. բյուջետային հայտում այն ներառելու համար:
Պետական հանձնաժողովը որոշել է հաջորդ նիստը հրավիրել 2013թ. մայիսի 27-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 95-րդ տարեդարձի նախօրեին, ըստ անհրաժեշտության գումարել նաեւ լրացուցիչ նիստ: