Երեկ լրացավ այն ժամկետը, որի ընթացքում Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը կարող էր ետ վերցնել պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին ներկայացրած իր դիմումը: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«Մեր թղթակցի հարցին` Ռուբեն Հայրապետյանը ե՞տ է վերցրել իր դիմումը, թե` ոչ, ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Հրայր Զորյանը պատասխանել է. «Ոչ, հետ չի վերցրել»: Ընդ որում, հարցը Հրայր Զորյանին ուղղվել է ինչպես աշխատանքային օրվա ավարտից մի քանի րոպե առաջ, այնպես էլ մի քանի րոպե հետո:
Հիշեցնենք, որ «Նյուվել դ՚Արմենի» ֆրանսիական պարբերականին տված հարցազրույցում Հայրապետյանը հայտնել էր, որ ետ է վերցնելու դիմումը եւ որոշ ժամանակ դեռ մնալու է պատգամավոր: Հաշվի առնելով իր խոստումների կատարման վիճակագրությունը, արդեն պարզ էր, որ նա ետ չի վերցնելու իր դիմումը: Կարող ենք համարել, որ Ռուբեն Հայրապետյանը երեկ մի փոքրիկ նվեր մատուցեց հայ հանրությանը` Անկախության 21-րդ տարեդարձի առթիվ: Սպասենք այլոց փոքրիկ նվերներին` տարբեր տոների առթիվ»,- գրում է «Հայկական ժամանակը»։





























