Երեկ ՀՀ մարզպետաց մարզպետներին ՀՀ-ի տարբեր իշխանավորների կողմից` «Ի» օպերացիան եւ ՏԻՄ ընտրությանների ազատ, արդար կազմակերպումը» ակցիայի շրջանակներում խստագույնս զգուշացվել է սեպտեմբերի 23-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում հնարավորինս զգոնություն ցուցաբերել եւ քաղաքակիրթ, ազատ, արդար ընտրություններ անցկացնել: Կարճ ասած, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի «պահած» կառավարության նման «փնթի» ու անկազմակերպ չաշխատել: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։
«Ըստ նույն լուրերի, իշխող բուրգի պատասխանատուները սեփական կադրերին նախապես տեղյակ են պահել իրենց գլխի գալիքի մասին` ասելով, որ այս անգամ լուրջ «չեպեներ» արձանագրվելու դեպքում որեւէ մեկին` անկախ իր «տանիքից» ու երաշխավորից, ներում-բեկում չի լինելու եւ ոչ մի տեսակի բացատրություն չի «անցնելու», քանի որ իշխող թեւին միայն լուրջ ձայներ են պետք: Ու ամենակարեւորը` «մաքուր» հաղթանակ` նորից միջազգային հանրության ուշադրությունը մեր կողմը չսեւեռելու համար:
Նշենք, որ հատուկ սթափության կոչեր եւ զսպվածություն ցուցաբերելու առումով հստակ հանձնարարականներ են տրվել ՀՀ Սյունյաց մարզպետ Սուրեն Խաչատրյանին` Լիսկային, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին եւ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին, որի ղեկավարած մարզում ամենախայտառակ ու զարհուրելի պատկերն է տիրում թե´ընտրացուցակներում մինչ օրս արձանագրված խախտումների, ապօրինի գրանցումների, թե´ նախընտրական կամպանիան ոչ ճիշտ ձեւով կազմակերպելու առումով, որն անշուշտ իր արձագանքը կգտնի ընտրական մարաթոնի վերջնարդյունքները ամփոփելուց հետո միայն:
Իսկ ընդհանրապես շատ տարօրինակ է, որ արդար ընտրությունների անհրաժեշտության մասին խոսում են մարդիկ, որոնք կազմակերպում են ընտրակեղծիքներն ու մասնակցում դրան կամ պաշտպանում են ընտրակեդծիքներով ընտրված մարդկանց:
«ՉԻ»-ն կհետեւի ընտրական գործընթացների հերթական փորձարարությանը եւ կներկայացնի համայնքներում ամփոփված ընտրությունների պատկերն ու դրանց արդյունքները: Իսկ թե քանի մարզային ու տեղական իշխանիկ կհայտնվի գործող իշխանության «սեւ ցուցակում», ապա այդ պատմական պահը եւս սարերի հետեւում չէ»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»։





























