Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության Բենանյար գյուղում իրավիճակը շարունակվում է լարված մնալ, եւ տեղի բնակչության նկատմամբ ոստիկանության սպառնալիքները չեն դադարում։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը։ Բնակիչների խոսքով, Բենանյարում հայտնվել են անհայտ լրատվամիջոցներից ինչ-որ «լրագրողներ» եւ հարցազրույց են վերցնում կողքի գյուղից այնտեղ բերված մարդկանցից, որոնք ոչ մի կապ չունեն Բենանյարի հետ։

Աղբյուրի հաղորդմամբ, օտարազգի դիվանագետների եւ իրավապաշտպանների այցելության նախօրեին Բենանյար է ժամանել Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության ներքին գործերի նախարար Ահմեդ Ահմեդովը եւ տեղաբնակներին սպառնացել ձերբակալություններով, եթե նրանք դիվանագետներին եւ իրավապաշտպաններին բողոքեն։ Միեւնույն ժամանակ, գյուղ մտնելու ճանապարհին գտնվող ոստիկաններն արգելում են լրագրողների մուտքը Բենանյար։

Սակայն օտարերկյա դիվանագետներին այդպես էլ չհաջողվեց այցելել գյուղ, քանի որ հունվարի 13-ին Բենանյար այցելած ամերիկացի եւ նորվեգացի դիվանագետներին մի խումբ անձինք վիրավորվել են։ «Ազադլիգ» ռադիոկայանի հաղորդմամբ, անհայտ անձինք դիվանագետներից պահանջել են լքել գյուղը, չթողնելով նրանց հանդիպել տեղի բնակիչների հետ։ Այս տեղեկությունը հաստատել է նաեւ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի պատասխանատու Թերի Դեվիդսոնը՝ «Մեդիաֆորում» կայքին տված հարցազրույցի ժամանակ։

Նրա խոսքով, ներկայումս դիվանագետներից սպասվում է լրացուցիչ տեղեկություններ, «եւ իրենք կպատրաստեն հատուկ հայտարարություն»։ Բաքվում Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության ներկայացուցիչ Հասան Հաջիեւի խոսքով, բոլոր այդ հաստատումները դատարկ խոսակցություններ են. « Ոչ մի նման բան չի եղել։ Ինչ-որ մեկը փորձում է տպավորություն ստեղծել, որ Նախիջեւանում ինչ-որ բան է կատարվում։ Նախիջեւանը աշխարհի ժողովրդավար հանապետությունն է», ասել է նա։