Վիեննայում Հունգարիայի դեսպանատան առաջ սեպտեմբերի 20-ին ավստրիահայերը բողոքի ակցիա են անցկացրել: «Հայկական արյունը չի վաճառվում», «Մարդասպանը՝ որպես հերոս. սա՞ է Եվրոպան» պաստառներով և «Ամո՛թ Հունգարիային» վանկարկություններով ակցիայի մասնակիցներն իրենց բողոքն ու վրդովմունքն են արտահայտել ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձման և Ադրբեջանում նրան ներում շնորհելու դեմ:
Վիեննայի Հայ ուսանողական և երիտասարդական միության երիտասարդները դեսպանատան աշխատակցին են հանձնել իրենց կողմից պատրաստված բողոք-նամակը, որում, մասնավորապես, կոչ է արվում Հունգարիային շտկել իր գործած մեծ սխալը, որը հեգնանք է ամբողջ մարդկությանն ու քաղաքակրթությանը և մեծ ցավ ու հիասթափություն հայ ժողովրդի համար:
































