Հայիթիում հրապարակվել են հունվարի 12-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից զոհերի պաշտոնական տվյալները: Ավերված շենքերի ավերակների տակից հանվել է ավելի քան 7 հազար դիակ: «Կարմիր խաչի» տվյալներով, երկրաշարժի զոհերի թիվը, ամենայն հավանականությամբ, կհասնի 45-50 հազարի:
Հայիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսում, որն ամենից շատ է տուժել, իրավիճակը գնահատվում է ծայրահեղ: Բազմաթիվ տղամարդկանց, կանանց ու երեխաների դիակներ ընկած են փողոցում եւ նրանց չեն հասցնում թաղել:
Մարդիկ վախենում են վերադառնալ սեփական տները, քանի որ ցնցումները շարունակվում են, թեեւ անհամեմատ թույլ ուժով: Նախորդ երկու գիշերները մայրաքաղաքի բնակիչները անցկացրել են փողոցում: Քաղաքում ամբողջ թափով փրկարար աշխատանքներ են իրականացվում, սակայն իրավիճակը բարդանում է բարձրացնող մեխանիզմների անբավարարության պատճառով: Փրկարարները ստիպված են ձեռքով փորել ավերակները:
Միջազգային օգնությունը նոր միայն սկսել է հասնել Հայիթի: Առկա է վտանգ, որ եթե մոտակա օրերին չհասցնեն թաղել դիակները, բժշկական օգնություն տրամադրել բնակչությանը, զոհերի թիվը անհամեմատ կաճի:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Հայիթիում տեղի է ունեցել Կարիբյան տարածաշրջանի ողջ պատմության ընթացքում ամենաուժեղ երկրաշարժը: Առաջին ցնցմանը, որը եղել է 7 մագնիտուդի, հետեւել են եւս երկու ցնցումներ՝ 5,9 եւ 5,5 մագնիտուդով: Մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսում ավերվել են հազարավոր տներ, փլվել է հիվանդանոցը, տուժել են նաեւ նախագահական նստավայրը եւ առեւտրի նախարարությունը:




























