Մախաչկալայի բնակչության մեծ մասը չգիտի, որ Դախադաեւի փողոցում գտնվող խանութը նախկինում հայկական սբ. Պողոս-Պետրոս եկեղեցին է եղել: Այս մասին սեպտեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հայկական հուշարձաններն ուսումնասիրող կազմակերպության նախագահ Սամվել Կարապետյանը` ներկայացնելով Հյուսիսային Կովկաս կատարած գիտական արշավի արդյունքները: «Վաճառականները չէին հասկանում, թե ինչու ենք մենք նկարահանում նրանց խանութը եւ արգելեցին մեզ լուսանկարել: Ինձ հաջողվել է միայն մեկ անգամ արագ լուսանկարել», –ավելացրել է Կարապետյանը: Հիշեցնենք, որ Մախաչկալայում մի շարք եկեղեցիներ, մզկիթներ 1930 թ-ին տրվել են քաղաքային իշխանությանը տնտեսական պահանջների օգտագործման համար:
Մախաչկալայի քաղաքային գերեզմանոցում, ավելացրել է Կարապետյանը, պահպանվել է հայկական տապանաքարերի անկյուն: «Մինչեւ 1920-ական թվականները նրանց վրա գրությունները միայն հայերեն են, հետագայում ամբողջովին ռուսերեն են դարձել»,– հայտնել է փորձագետը: Ընդ որում տապանաքարերի աշխարհագրությունը շատ լայն է: «Թաղված են Արեւմտյան Հայաստանի բազմաթիվ բնիկներ եւ գիտնականի համար անսպասելի է Հյուսիսայում Կովկասում հանդիպել օրինակ Կարին նահանգի Խոտորջուր գյուղի հիշատակմանը (ներկայումս` Էրզրում-խմբ)»,-նկատել է Կարապետյանը:
Տապանաքարերը ունեն ռեգիոնաբանական մեծ նշանակություն, քանի որ նրանց վրա մշտապես նշվում է մարդու ծննդյան վայրը, եթե նա տեղացի չի եղել: «Եւս մեկ ցուցադրական օրինակ. Հյուսիսային Արցախում ` Շամխոր պատմական վայրում` նշանավոր Չարդախլու գյուղից ոչ շատ հեռու, մինչեւ 1988 թ-ը եղել է հայաբնակ Բադա գյուղը: Գյուղի պատմական անունը Լգարակ է: Այն գրանցված է միայն մեկ ձեռագրի մեջ: Ահա, Կիզլյարի գերեզմանոցում մենք այն գտել ենք երկրորդ անգամ` մահացածներից մեկը ծնվել է «Աղվանական հողում (պատմական տարածքը բնակեցված է եղել հայերով եւ կովկասյան աղվաններով-խմբ.)` Շուշի նահանգի Լգարակ գյուղում»: Դերբենտի տապանքարային գրությունները գիտնականները պատրաստվում են հրապարակել հատուկ աշխատությամբ:
Գիտնականները Լավ վիճակում են գտել Դերբենտում հայկական Ամենափրկիչ եկեղեցին: 70-80-ականներին եկեղեցին վերանորոգվել է եւ հանձնվել Երկրամասային թանգարանին: «Դերբենտում մենք ծանոթացել են քաղաքի հայ համայնքի ղեկավարի` Վիկտոր Դանիելյանի հետ, ով մեզ շատ է օգնել գիտելիքներով եւ էներգիայով: Արդյունքում մեզ հաջողվել է եկեղեցում չափագրումներ կատարել»:
Գիտնականները նաեւ ծանոթացել են հայերի կողմից կառուցված բնակելի տների վիճակին: Նրանց մեծ մասը ունեն հայկական գրություններ: «Ցավոք, նրանց մեծ մասում արդեն հայեր չեն բնակվում: Իսկ տներից մեծ մասում բնակիչները ծեփել են գրությունները: Սակայն հայ համայնքի ջանքերով մի շարք տների գրությունների վրայից հանվել է ծեփը», ամփոփել է Կարապետյանը:
Նշենք, որ Ռուսաստանի հարավում տարբեր վիճակներում գտնվում են հայկական ավելի քան 50 եկեղեցիներ:




























