Սիրիահայ մեր հայրենակիցների  աջակցության  «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը գնալով տարածում է  ստանում մեր  հասարակության ամենալայն շերտերի շրջանում։ Մեր տասնյակ համաքաղաքացիներ, հայրենի մտավորականներ,  քաղաքական գործիչներ եւ  գործարարներ են արձագանքել սիրիահայ մեր եղբայրներին եւ  քույրերին  պատերազմի արհավիրքի դեմ   մենակ  չթողնելու,  նյութական եւ բարոյական աջակցություն ցուցաբերելու  մեր կոչին։

«Օգնիր եղբորդ»  նախաձեռնությանն առաջինը  անդրադարձավ եւ օգնության ձեռք  մեկնեց  Արցախի կառավարությունը՝ զգալի քանակությամբ  պարենամթերք տրամադրելով։ Առաջին արձագանքողների  շարքում  են  «ԳՐԱՆԴ   ՀՈԼԴԻՆԳ» , «ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹ» ՓԲԸ- ները,  «ԱՐՏՖՈՒԴ», «ԱՐԹԻՄԵԴ» եւ «ԱԼԵՔՍ ԳՐԻԳ» ՍՊԸ-ները։ 

Նրանց եւ մի շարք այլ բարերաների հատկացումներով բեռնված առաջին  ինքնաթիռը  շատ շուտով ճանապարհ կընկնի Սիրիա՝ դեղորայք եւ առաջին անհրաժեշտության պարենամթերք  հասցնելով  հումանիտար աղետի մեջ հայտնված մեր հայրենակիցներին։

«Օգնիր եղբորդ» նախաձեռնող խումբը խորին երախտագիտությունն է հայտնում կոչին անդրադարձած բոլոր-բոլորին եւ շարունակում համազգային համախմբման այս  նվիրական գործը։