Լոռիի մարզում բերքահավաքը մեծ հաշվով կարելի է ավարտված համարել բացի կարտոֆիլի եւ խաղողի բերքից: Մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում ներկայացնելով հավաքված բերքի արյունքները, նշեց. «Հավաքվել է 20170 տոննա ցորեն, 1850 տոննա գարի, 2500 տոննա պտուղ»:

Խաղողի բերքահավաքի հետ կապված մարզում եւս խնդիրներ չկան: Ըստ վարչության պետի, նախորդ տարվա հետ համեմատ բերքահավաքի ցուցանիշներում այս տարի նվազում կա մասնավորապես ցորենի բերքի մեջ: Չնայած այս ամենին, լոռեցի հողագործները դժգոհ չեն ստացված բերքից, քանի որ տարին չորային էր, իսկ ստացված բերքը՝ բավարար:

Աշնանացանի հետ կապված, ըստ Գրիգոր Հակոբյանի, կառավարության կողմից մարզին հատկացվել է շուրջ 500 տոննա դիզվառելիք, 240 տոննա առաջին վերարտադրության սերմացու եւ 144 տոննա պարարտանյութ: Աշնանացանի աշխատանքները մարզում դեռեւս նոր են սկսվում:

Ինչ վերաբերվում է անասնակերի, մասնավորապես խոտի սակավությանը, վարչության պետը նշեց, որ դեռեւս անասնագլխաքանակի նվազում չկա, անասնապահությամբ զբաղվողների որոշակի մաս խոտը գնել է հարակից մարզերից:

Լուսանկարը` Էդվարդ Արզումանյանի