Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, Հանրապետական պատգամավոր Վարդան Այվազյանին չեն հարցաքննել ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Գեւորգ Մհերյանի սպանության գործով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վարդան Այվազյանը` մեկնաբանելով տարածված տեղեկությունները, թե ոստիկանապետի նախկին տեղակալ Գեւորգ Մհերյանի սպանության գործով իրեն կքննեն, թե ոչ: «Մի օր էլ ինձ Քենեդու սպանության մեջ կմեղադրեն»,- նշեց նա` այդ ամենը համարելով աբսուրդ եւ անհեթեթություն, ինչպես, իր խոսքով, «Գլոբալ Գոլդ Մայնինգի» գործն էր:
Ինչ վերաբերում է տեղեկություններին, թե Վարդան Այվազյան - «Գլոբալ Գոլդ Մայնինգ» հակամարտության մասին տեղյակ է եղել եւ դերակատարում է ունեցել Գեւորգ Մհերյանը, ապա պատգամավորը նշեց, որ տեղեկություն չունի` Մհերյանը տեղյակ էր այդ գործից, թե ոչ, բայց տեղյակ կլիներ, քանի որ դեռեւս 2006թ պատգամավորը մի շարք լրատվամիջոցների միջոցով ներկայացրել է «Գլոբալ Գոլդ Մայնինգի» պայծառատես աշխատանքները:
Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, թե Վարդան Այվազյան - «Գլոբալ Գոլդ Մայնինգ» հակամարտության պատմության մեջ կա նաեւ մեկ այլ ու, թերեւս, առավել ուշագրավ կողմ, որն առ այսօր չի լուսաբանվել: «Այդ հակամարտությանը 2008-2009 թվականներից տեղյակ է եղել նաեւ եւ առայժմ դեռ չպարզված դերակատարում է ունեցել ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ, ոստիկանության գնդապետ, ՀՀ նախագահի իրավական հարցերով նախկին օգնական, նախագահի հրամանով ստեղծված Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախկին նախագահ, դեռեւս չպարզված հանգամանքներում սպանված Գեւորգ Մհերյանը»,- գրում է «Հայացքը»` հարցադրում անելով, թե Վարդան Այվազյանին կքննեն Մհերյանի սպանության գործով:
Հիշեցնենք, որ «Հետքը» գրել էր, որ Նյու Յորքի դաշնային դատարանը 37,5 մլն դոլարի վճիռ է կայացրել ընդդեմ Վարդան Այվազյանի: Ըստ վճռում եղած նյութերի` 2006թ. «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության դուստր ձեռնարկություններից մեկը, որը Հանքավանի հանքավայրի լիցենզառուն էր, Հայաստանի բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի կողմից ենթարկվել էր կոռումպացված եւ ոչ պատշաճ պահանջների: Ընկերությունը այդ իրավիճակի մասին տեղեկացրել է Հայաստանի եւ Միացյալ Նահանգների համապատասխան մարմիններին:



























