Հայաստանի 12 քրեակատարողական հիմնարկներում 2011 թ. էականորեն աճել է զբաղվածների թիվը՝ 20-30%-ով: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին ՀՀ Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, պատասխանելով պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցումներին՝ ՔԿՀ-երում տիրող իրավիճակի մասին:

Ըստ նախարարի՝ կալանավայրերում մոտ 30-40%-ով՝ նվազել են մահացության դեպքերը, 2011 թ. չեն գրանցվել սպանության եւ փախուստի դեպքեր: Բայց հիմնական խնդիրները դեռեւս առկա են: Նախարարը հիշեցրեց, որ 2009 թ. ծրագիր է ընդունվել՝ 140 մլրդ դրամ հատկացնել բոլոր 12 ՔԿՀ-երը արդիականացնելու համար: Արդեն իսկ «Նուբարաշեն»-ում վերանորոգվել է բուժմասը: Բարելավվել է «Աջակցություն դատապարտյաներին» հիմնադրամի ծրագիրը՝ պատժից ազատվող մարդիկ ստանում են 15-20 հազ. դրամ՝ տուն գնալու համար:

Հ. Թովմասյանի գնահատմամբ՝ Հայաստանի ամենաանբարվոք վիճակում գտնվող ՔԿՀ-ն Նուբարաշենն է, իսկ համեմատաբար բարվոք է վիճակը  Արթիկում, Վանաձորում, Հրազդանում:

2013 թ. հավանաբար կսկսվի Հայաստանի հնագույն քրեակատարողական հիմնարկի՝ Գորիսի շենքի վերանորոգման եւ նոր կորպուսնի կառուցման աշխատանքները: Նշենք, որ Գորիսի ՔՀԿ շենքը կառուցվել է 1812 թ., իսկ 1860 թ. օգտագործվում է որպես կալանավայր: