Այսօր` սեպտեմբերի 25-ին Շիրակի մարզի Ազատան համայնքում շարք մտավ «Գյուղատնտեսական եւ անասնաբուժական սպասարկման կենտրոն»- ը: Այն ստեղծվել է «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից եւ որպես մասնավորի ու պետականի համադրման արդյունավետ օրինակ, երկրորդն է նույն հիմնադրամի կողմից Սյունիքի մարզի Սառնակունք համայնքում ստեղծված եւ արդեն դրական արդյունքներ գրանցած կենտրոնից հետո:
Գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կենտրոնի բացմանը ներկա էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Շնորհավորելով ազատանցիներին հիանալի նվերի համար, նա մասնավորապես նշեց որ. «Այն հասանելի կդարձնի մասնագիտական տեղեկատվությունը, կապահովի անասնաբուժական ծառայությունների բարձր մակարդակը ամբողջ տարվա ընթացքում, կխթանի ճյուղի գործունեությունն ու զարգացումը տարածաշրջանում»:
Արդեն սեպտեմբերի վերջին նորաստեղծ կենտրոնն անասնապահությամբ զբաղվող տեղի ֆերմերներին կառաջարկի անասնաբուժական սպասարկման՝ հիվանդությունների կանխարգելման եւ բուժման, արհեստական սերմնավորման ծառայություններ, անասնաբուժական եւ անասնապահական սարքավորումներ ու պարագաներ, կկազմակերպի խորհրդակցություններ ու ուսուցողական դասընթացներ:
Սկզբնական շրջանում այն կսպասարկվի մարզի 10-15 ամենակտիվ անասնաբույժների կողմից: Այնուհետեւ ծրագրի իրականացման գործընթացի ապահովման համար, նրանք կստեղծեն իրենց միությունը, որը կհամախմբի այլ անասնաբույծների նույնպես:
Նման կենտրոնների հիմնման եւ վերջիններիս հիմքի վրա միությունների ստեղծման աշխատանքները շարունակական են լինելու: Առաջիկայում հանրապետության մյուս մարզերը նույնպես կընդգրկվեն նշված ծրագրում:




























