Լոռիի մարզի Տաշիրի տարածաշրջանի Նովոսելցովո համայնքը դեռ խորհրդային ժամանակներից գազաֆիկացված չէ: Ցրտաշունչ ձմեռ ունեցող գյուղում բնակիչները ձմռանը դիմակայելու համար օգտագործում են փայտ, աթար ու էլեկտրաէներիա: NEWS.am-Լոռիի թղթակցի հետ զրույցում Նովոսելցովո համայնքի ղեկավար Ռուբեն Դավոյանի փոխանցմամբ փայտի ձեռքբերման առումով այս տարի վիճակն ավելի է վատացել, ըստ գյուղապետի` մեկ խորանարդ փայտն այսօրվա դրությամբ արժե 25 հազար դրամ, ինչը բավականին բարձր  գին է գյուղացու համար:

Բնակիչների փոխանցմամբ իրենք ձմռան ողջ ամիսներին օգտագործում են ամենաքիչը 8 խորանարդ վառելափայտ, ստացվում է, որ միայն վառելիքի համար բնակիչը ձմռանը ծախսում է 200 հազար դրամ: Անասնապահությամբ զբավող համայնքում չնայած անասնակերի հետ կապված անասնագլխաքանակի նվազում չկա, սակայն գյուղացիները պնդում են, որ անասունների որոշակի մաս կվաճառեն՝ ձմռանը նախապատրաստվելու, մասնավորապես վառելափայտ ձեռք բերելու համար:

Լուսանկարը՝ Էդվարդ Արզումանյանի