Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ինձ ոչ թե ուղարկել է արձակուրդ, այլ հարգել է իմ խնդրանքը եւ, իմ դիմումի համաձայն, ինձ տվել է տանսչորսօրյա չվճարվող արձակուրդ, որպեսզի ես կարողանամ հանգստանամ: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը:

Նա նշեց, որ արձակուրդ գնացել էր մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ, սակայն այդ ժամանակ չէր հանգստացել, ակտիվ մասնակցում էր գործընթացներին: «Պիտի հանգստանամ, որ ավելի ակտիվ սկսեմ մասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին»,- ասաց Կոտայիք մարզպետը:

Կովալենկո Շահգալդյանը նշեց, որ արձակուրդը անց է կացնելու Ռուսաստանի Դաշնությունում` Հյուսիսային Կովկասում, ըստ որում` մեկնելու է մենակ եւ վերադառնալու է հոկտեմբերի 14-ին, իսկ հոկտեմբերի 15-ից արդեն աշխատանքի կլինի: Հարցին, թե ճիշտ են լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, որ իրեն հարկադրել են արձակուրդ գնալ եւ դա պայմանավորված է նախօրեին Ազգային ժողովում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած լեզվակռվի հետ, նա նշեց, որ դա ծիծաղելի է եւ ինքը արձակուրդի գնալու համար դիմում էր տվել մինչ այդ: «Ինչու պետք է կապ ունենա մեր լեզվակռվի հետ»,- ասաց նա:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանին 2012թ. սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 12-ը ներառյալ տրամադրվել է չվճարվող արձակուրդ: