Կոտայքի մարզում 32-ամյա ամուսինը գնացել է նախկին կնոջ մոտ երեխաներին տեսակցելու, բայց արդյունքում ծեծի է ենթարկել կնոջը: Բռնել է կնոջ մազերից եւ կոկորդից, քաշքշել, այնուհետեւ հարվածել գլխին: Աբովյանի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ սույն գործը իրենց մոտ է վարույթ ընդունվել եւ 1-ին դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 8-ին: 32-ամյա Արտեմ Սամվելի Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2012թ. հուլիսի 15-ի ժամը 20:30-ի սահմաններում իր երեխաներին տեսակցելու նպատակով գնացել է Աբովյան քաղաք իր նախկին կնոջ` Ս.Ա-ի բնակարան, որտեղ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է նրա հետ: Վիճաբանության ընթացքում Ա.Հ-ը մարմնական վնասվածք հասցնելու դիտավորությամբ բռնել է Ս.Ա-ի մազերից եւ կոկորդից, քաշքշել, այնուհետեւ հարվածել գլխին` պատճառելով առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118  հոդվածի հատկանիշներով` ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը չի առաջացրել սույն օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հետեւանքներ` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը 100-պատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը 2 ամիս ժամկետով: Ներկա պահին  նրա նկատմամբ ստորագրությամբ չհեռանալու մասին խափանման միջոց է ընտրվել: