Հունգարական ԱԳՆ-ի երեկվա հայտարարությունը, որով Բուդապեշտը պարզ հասկացրել է, որ իրենց մոտ հազիվ թե Հայաստանին առաջարկելու ինչ որ բան մնացած լինի, խոսում է այն մասին, որ հունգարական կառավարությունը փորձում է գիծ քաշել «Հայաստանի հարցի» վրա: Այս մասին politics.hu կայքում լույս տեսած հոդվածում գրում է Էրիկ Դիզմատոն:
Հեղինակը ընդգծում է, որ չնայած այն մի քանի փորձերին, որոնք գործադրել է Հունգարիան հայերի զայրույթը մեղմելու համար, հայկական խոշոր սփյուռքի ներկայացուցիչները հաստատակամ են իրենց «զովանալ» չցանկանալու մեջ: Ինչ վերաբերում է օտար երկրներում բնակվող հունգարացիներին, ապա նրանք բաժանվել են ձախերի, ովքեր հանդես են գալիս Օրբանի քննադատությամբ եւ կառավարությանը պաշտպանող աջերի:
«Թեեւ նման բաժանումը հունգարների շրջանում կանխատեսելի էր, ես չեմ կարող այն անհիմն համարել, քանի որ կան հիմնավոր պատճառներ, թե ինչու հունգարական ազգայնականները (նրանք ովքեր աջակցում են կառավարությանը) պետք է լինեին ամենագլխավոր քննադատները: Իրականում Հայաստանը այն երկրների ցուցակի առաջնամասերում է, որի հետ ազգայնական Հունգարիան պետք սերտ հարաբերություններ պահպաներ: Ոչ միայն սկզբունքի տեսանկյունից, այլ նաեւ գործնական նպատակներով»,-կարծում է քննադատը:
Ավելի լավ հասկանալու համար նա առաջարկում է համեմատել Լեռնային Ղարաբաղի եւ հունգարական էթնիկ փոքրամասնություն կազմող Տրանսիլվանիայի քարտեզները: Նա նշում է, որ իրավիճակը այդքան էլ նման չէ, բացի այդ Հունգարիայի եւ Ռումինիայի հարաբերությունները(կամ էլ Սլովակիայի, որտեղ նույնպես հունգարական համայնք կա) ավելի լավ է, քան Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները:

«Այնուհանդերձ, զուգահեռները տպավորիչ են, իսկ եթե եվրոպայում կա այնպիսի երկիր, որը կարող է համակիր լինել նմանատիպ խնդրին, դա Հայաստանն է: Նրանք, ովքեր կասկածում են, կարող է՞ իրականում Հայաստանը օգնել Հունգարիային եւ նրա արտասահմանյան համայնքներին, ես ասում եմ, այո, կարող է: Հայկական լոբբին ԱՄՆ-ում համարվում է երեք ուժեղ խմբերից մեկը (կուբացիների եւ հրեաների հետ մեկտեղ): Հայկական սփյուռքը քաղաքական ուժ ունի ոչ միայն ԱՄն-ում: Բայց հիմա հունգարացիներին օգնելու փոխարեն, այն կգործի Հունգարիայի եւ հունգարացիների դեմ: Այսպիսով, հենց հունգարական ազգայնականները, այլ ոչ թե նրանց ձախ հակառակորդները, պետք է հանդես գային ազգայնական կառավարության ձեռնարկումների դեմ»,- բացատրում է հեղինակը:




























