Այս օրերին լայն թափով վերազինման աշխատանքներ են սկսվել Հրազդան քաղաքային հիվանդանոցում։ Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։
Շատ շուտով այս հիվանդանոցն իր տեխնիկական հագեցվածությամբ ու նոր մասնագետ-կադրերի համալրմամբ փորձելու է դառնալ լավագույն բուժհաստատություններից մեկը, որն իր հնարավորություններով չի զիջելու մայրաքաղաքի հայտնի հիվանդանոցներին։ Ըստ նույն տեղեկությունների՝ չի բացառվում, որ մոտ ապագայում Հրազդանի քաղաքային հիվանդանոցը «իրենով անի» ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով ամեն ինչ անում է ցանկացած տիպի միջազգային ծրագիր դեպի այս հիվանդանոցի կողմն ուղղելու համար։ Նկատենք, որ Հրազդան քաղաքում խոսակցություններ են պտտվում նաեւ այն մասին, որ հիվանդանոցի վերանորոգման ու վերազինման աշխատանքներն սկսելու առաջին իսկ օրվանից Հ. Աբրահամյանի շրջապատի մարդիկ ամենայն մանրամասնությամբ հետեւել են տարվող աշխատանքների ընթացքին։ Իսկ Աբրահամյանի «կրուգի» կամակատարներից մեկն էլ այս համատեքստում այս առիթով նկատել է, թե. «Ընդհանրապես Հովիկ Արգամիչի ձեռքը ինչ գործի որ կպնում ա, ուրեմն այն պարտադիր ծաղկում ա ու բարգավաճում»։ Տեսնենք...»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»։




























