Փոքր եւ միջին ընկերությունները պետգնումների համար հայտարարվող մրցույթներում ոչ շահեկան վիճակում են խոշոր ընկերությունների նկատմամբ; Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Նրա խոսքով՝ խոշոր ընկերությունները մրցակցային առավելություն են ստանում իրենց ռեսուրսների շնորհիվ:
Ա. Շաբոյանը նշեց, որ փոքր ընկերություններն ավելի ակտիվ պետք է լինեն գնումների գործընթացում, պետք է կարողանան բարձրաձայնել իրենց խնդիրների մասին, անհրաժեշտության դեպքում՝ բողոքներ ներկայացնեն: Սակայն, ցավոք, բողոքարկման ինստիտուտը գործնականոմ չի աշխատում՝ վերջին մեկ տարում ստացվել է 56 բողոք, որից 50-ը ետ է վերադարձվել: Այնինչ ՏՄՊՊՀ-ն, ըստ Ա. Շաբոյանի, ի վիճակի չէ ամբողջությամբ վերահսկել գնումների ոլորտը, պետք է ազդակներ լինեն, թե որտեղ կան խնդիրներ:
Նշենք, որ գործարարների հետ հանդիպումը կազմակերպել էր Հայաստանում Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության ծրագիրը (EDMC):




























