Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը դեռ չի որոշել թիվ 1 ընտրատարածքում` Ռուբեն Հայրապետյանի հրաժարականից հետո թափուր մնացած պատգամավորի պաշտոնի համար պատգամավորի թեկնածու կառաջադրի, թե ոչ, քանի որ այդ հարցի շուրջ դեռ քննարկում չեն հրավիրվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀՇ նախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նրա խոսքով, մինչ այս պահը այդ հարցի շուրջ քննարկում չի հրավիրվել, քանի որ այդ «օկռուգը» պաշտոնապես ազատ չէր: «Հուսամ` առաջիկա շաբաթվա ընթացքում այդ հարցը կքննարկենք եւ մեր որոշման մասին տեղյակ կպահենք»,- ավելացրեց Արամ Մանուկյանը: Հարցին, թե ընտրություններին մասնակցելու դեպքում, ո՞ւմ թեկնածությունն են առաջադրելու, Արամ Մանուկյանը նշեց, որ առանց քննարկման չեն կարող «եթե»-ներով հարցերին պատասխանել:
Հիշեցնենք, սեպտեմբերի 5-ին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ընթերցվել էր ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի մասին դիմումը: ԱԺ կանոնակարգի 13–րդ հոդվածի համաձայն հրաժարականի հրապարակումից հետո պատգամավորը 15 օրվա ընթացքում կարող էր հետ վերցնել հրաժարականի մասին իր դիմումը: Այսօր` սեպտեմբերի 28-ին, ժամը 13.00-ին լրացավ Ռուբեն Հայրապետյանի` դիմումը հետ վերցնելու վերջնաժամկետը:
Նշենք, որ Հայրապետյանը մանդատից հրաժարվել էր «Հարսնաքարում» իր թիկնապահների կողմից դաժան ծեծի ենթարկված Վահե Ավետյանի մահից հետո:




























