Կիրակի օրը` հունվարի 17-ին Ուկրաինայում նախագահական ընտրություններ են կայանալու, իսկ այսօր քարոզչությունն արգելված է եւ հայտարարված է «լռության օր»: Երեկ երեկոյան հիմնական թեկնածուները հեռուստատեսությամբ հանդես եկան իրենց քարոզչության ավարտական ելույթներով, իսկ այսօր, ըստ օրենքի, պետք է քաղաքից հավաքվեն քարոզչական բոլոր պաստառները:

Երկրի նախագահ Վիկտոր Յուշչենկոն, ով նույնպես նախագահի թեկնածու է, հայտարարել է, որ միայն ուժեղ նախագահական իշխանությունը կարող է ավելի արդյունավետ հաղթահարել բոլոր մարտահրավերները և անցումային շրջանը։ Նա կարծիք է հայտնել, որ նախագահական իշխանության ամրապնդման համար անհրաժեշտ է սահմանափակել պատգամավորական անձեռնմխելիությունը ու երկպալատ խորհրդարան ձևավորել։

Իսկ վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, ով համարվում է հիմնական թեկնածուներից մեկը, նշել է այն հինգ խնդիրները, որոնք պետք է լուծի նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում։ Դրանք են՝ երկրի էներգետիկ անկախությանը հասնելը, Եվրոպական մակարդակի բժշկական, գիտական և կրթական գերժամանակակից համակարգերի ստեղծումը, մարդկային զարգացման վարկանիշային ցուցակում Ուկրաինայի դիրքի բարելավումը, օլիգարխներին հեռացնելը և ժողովրդավարական, արդար երկրի կառուցումը, ինչպես նաև ԵՄ-ին անդամագրվելը։

Նշենք, որ հիմնական մրցակցությունը գնալու է Յուլիա Տիմոշենկոյի եւ Տարածաշրջանների կուսակցության առաջնորդ Վիկտոր Յանուկովիչի միջեւ: Սոցիոլոգիական հարցումներով առջեւում է Յանուկովիչը, սակայն առաջին փուլում նրան չի հաջողվի հաղթանակ գրանցել: Իսկ երկրորդ փուլում շատ բան կախված է լինելու մյուս ուժերի դիրքորոշումներից:

Թեեւ սովորաբար նշվում է, որ Յանուկովիչը ռուսամետ գործիչ է, իսկ Տիմոշենկոն` արեւմտամետ, սակայն հիմա վերլուծաբաններն այդ բնորոշումներից զերծ են մնում: