Մոտ 300 վարորդներ դիմել են դատարան՝ վիճարկելով Երեւանի Ռուբինյանց փողոցում տեղակայված արագաչափի ցուցմունքի հիման վրա նշանակված տուգանքը: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: Բացի այդ՝ նույն խնդրով վարչական դատարանին 40 հայց է ներկայացրել «Աքիլեսը», եւս 17-ը կներկայացնեն շուտով:

Խնդիրը հետեւյալն է՝ ճանապարհային ոստիկանությունը ապրիլի 28-ին Ռուբինյանց փողոցում տեղակայել է 40 կմ/ժամ արագությունը չգերազանցելու մասին նշան: Դրանից մի քանի մետր հեռու տեղակայվել է արագաչափ: Ապրիլի 28-մայիսի 29 ժամանակահատվածում արագաչափն արձանագրել է 4000 խախտում: Սակայն, ըստ վարորդների, ճանապարհային նշանը տեղակայվել է ծառերի ետեւում եւ տեսանելի չի եղել, այնինչ, ըստ կառավարության սահմանած կարգի, նշանը պետք է տեսանելի լինի 100 մետրից:

Ճանապարհային ոստիկանության եզրակացությամբ՝ նշանը տեսանելի չի եղել միայն մայիսի 18-ին, այնուհետեւ ծառերն էտվել են: Սակայն Է. Հովհաննիսյանը այս փաստարկը լուրջ չի համարում; Նրա տեղեկացմամբ՝ ոստիկանությունը ստացել է 4000 դիմում-բողոք, որից 2200—ինը բավարարել է՝ տուգանքները չեղյալ են համարվել (մայիսի 19-29 տեղի ունեցած խախտումների համար); Հետաքրքիր է, որ նշանն այնուհետ հանվել է, սակայն օգոստոսի 31-ին նորից տեղակայվել է՝ դասերի վերսկսման պատճառով (մոտակայքում դպրոց կա):