Ամերիկյան The Wall Street Journal հեղինակավոր հրատարակությունը ներողություն է խնդրել Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլուց՝ վերջինիս խոսքերի ոչ ճիշտ մեկնաբանության համար։ Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին թերթը հրապարակել էր Վրաստանի ղեկավարի հարցազրույցը, որում, ինչպես հետագայում հայտարարեց պաշտոնական Թբիլիսին, Սահակաշվիլու որոշ մտքեր խեղաթյուրվել էին։

«Ստացվում է, որ Ռուսաստանը պայքարում է արդար գործի համար…», «Վրաստանի ՆԱՏՕ ընդունվելու հույսերը գործնականում մեռած են…», «մեզ հազիվ թե հաջողվի վերադարձնել Հարավային Օսիան ու Աբխազիան…». ահա սրանք են Վրաստանի նախագահի մտքերի այն մեկնաբանությունները, որոնք հարուցել են ինչպես նրա, այնպես էլ նրա զինակիցների տարակուսանքը։ Նշենք, որ Սահակաշվիլին նման խոսքերի համար սուր քննադատության է ենթարկվել «Քրիստոնեա-դեմոկրատական շարժման» նախագահ Գեորգի Թարգամաձեի կողմից։

Մինչդեռ The Wall Street Journal-ն արդեն ներողություն է խնդրել Վրաստանի նախագահից, ինչի մասին հայտնել է հենց Սահակաշվիլին։

Ինչպես իր հերթին պարզաբանել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գիգի Բոկերիան, Սահակաշվիլին ամերիկյան թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ եթե Ռուսաստանը իր գործողություններով հասնի այն բանին, որ խոչընդոտի Վրաստանի ընդունմանը ՆԱՏՕ, դա կլինի ողբերգություն։