31-ամյա Գ.Պ-ն իր ընկերների հետ «Էլլա» գիշերային ակումբում  շուրջ 15-20 րոպե սեռական բնույթի հայհոյանքներ են տվել Ա. Վ-ի հասցեին, որը զուգորդվել է նրա նկատմամբ բռնություն գործադրելով, այն է` Գ.Պ-ը ձեռքերով եւ ոտքերով, իսկ նրա ընկերները ձեռքերով, ոտքերով եւ ակումբի սեղանների վրայից վերցված ու տվյալ պահին որպես զենք օգտագործվող մոխրամաններով, բաժակներով եւ գարեջրի ապակե շշերով հարվածել են վերջինիս մարմնի տարբեր մասերին` Ա. Վ-ի առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս: Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ սույն գործը քննվում է իրենց մոտ:

31-ամյա Գ.Պ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երեւանի Տ. Մեծ փողոցում գործող «Էլլա» գիշերային ակումբում, խմբի կազմում բռնությամբ եւ Ա. Վ-ի առողջությանը միջին ծանրության մարմնական վնաս պատճառելով կատարել է խուլիգանություն: 2012թ. օգոստոսի 22-ին դատարանում  դռնբաց դատական նիստում դատական քննության արագացված կարգի կիրառմամբ քննվել է քրեական գործն ըստ մեղադրանքի: Դատաքննությամբ եւ գործի տվյալներով պարզվել է, որ  Ամբաստանյալ Գ. Պ-ը 2011թ. իր ընկերներ` Ս.Թ-ի եւ գործով դեռեւս չպարզված ոմն Ա- ի հետ միասին, գտնվելով Երեւանի Տ. Մեծ փողոցում գործող «Էլլա» գիշերային ակումբում, ժամը 01. 00-ի սահմաններում կանգնած են եղել ակումբի հիմնական պարասրահ մտնելու մուտքի ճանապարհին` փաստացի փակելով դեպի պարասրահ մուտքը։ Այնուհետեւ, չնչին առիթով սկսել են վիճաբանել միջանցքից պարասրահ մտնելու ցանկություն ունեցող եւ դրա ժամանակ պատահաբար Ս. Թ-ին ուսով դիպած ակումբի մյուս հաճախորդ Ա.Վ-ի հետ, որի ընթացքում, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը եւ արտահայտելով բացահայտ անհարգալից վերաբերմունք ակումբի ինչպես հաճախորդների, այնպես էլ աշխատակիցների նկատմամբ, անտեսելով վերջիններիս ներկայությունը եւ խուլիգանությունը դադարեցնելու կոչերը, տեւական ժամանակ` շուրջ 15-20 րոպե սեռական բնույթի հայհոյանքներ են տվել Ա. Վ-ի հասցեին, որը զուգորդվել է նրա նկատմամբ բռնություն գործադրելով, այն է` Գ.Պ-ը ձեռքերով եւ ոտքերով, իսկ նրա ընկերները ձեռքերով, ոտքերով եւ ակումբի սեղանների վրայից վերցված եւ տվյալ պահին որպես զենք օգտագործվող մոխրամաններով, բաժակներով եւ գարեջրի ապակե շշերով հարվածել են վերջինիս մարմնի տարբեր մասերին` Ա. Վ-ի առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս:

Դատարանը վճռել է Գ.Պ-ին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով եւ դատապարտել ազատազրկման` 2 տարի 6 ամիս ժամկետով։ Սակայն սեպտեմբերի 12-ին ստացվել է վերաքննիչ բողոք որով պահանջվում է  Գ.Պ-ի նկատմամբ նշանակել ավելի մեղմ պատիժ` տուգանք կամ հոդվածի սանկցիայով ազատազրկման ձեւով նախատեսված նվազագույնին մոտ պատիժ եւ ՀՀ քր. օր-ի 70 հոդվածի կիրառմամբ նրա նկատմամբ նշանակված ազատազրկման ձեւով այդ պատիժը պայմանականորեն չկիրառել: Դատական քննությունը նշանակվել է հոկտեմբերի 9-ին: