Սերինեն ամուսնացել է 19 տարեկան հասակում եղբոր հոգեբանական ճնշման ազդեցության տակ, սակայն ամուսնության առաջին իսկ ամսից ենթարկվել է բոլոր տեսակի բռնությունների` ֆիզիկական, հոգեբանական եւ սեռական: Եվ այդ պայմաններում ապրել 19 տարի` ունենալով 1 աղջիկ եւ 2 տղա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Սերինեն:
Սերինեի խոսքով, ամուսինը չի աշխատել եւ մարդկանց խաբելով է փող հայթայթել: Իսկ իր դժվարությամբ վաստակած գումարները ծեծելով վերցրել եւ ծախսել է խաղատներում: «Վերջին շրջանում ամուսինս իր հարազատ մորն էլ էր ֆիզիկական բռնության ենթարկում, որի պատճառով մայրը չդիմացավ եւ մեկնեց մյուս որդու մոտ բնակվելու: Վերջին անգամ ամուսնուս կողմից անմարդկային ծեծի ենթարկվելով ես դիմեցի Կանանց իրավունքների կենտրոն: Հոգեբաններն ու իրավաբանները ինձ հետ անցկացրեցին հոգեբանական եւ իրավաբանական աշխատանք, հաղթահարվեց իմ իրավաբանական խնդիրը: Բարձրացավ իմ ինքնագնահատականը եւ բարելավվեց առողջական վիճակս: Ես սկսեցի նորովի նայել կյանքին»,- նշեց Սերինեն:
Հ.Գ. Բոլոր այն կանայք, ովքեր ենթարկվում են ֆիզիկական, տնտեսական կամ հոգեբանական բռնության օգնություն ստանալու համար կարող են դիմել Կանանց իրավունքների կենտրոնի անվճար հետեւյալ թեժ գծին` 54 28 28:





























