Վանաձոր քաղաքի ծայրամասային Տարոն 4 թաղամասի «Մին-էներգո» միկրոշրջանում դադարել է գործել երթուղային տրանսպորտը, ու սա այն դեպքում, երբ մինչ սեպտեմբերի 9-ին կայացած քաղաքապետի ընտրությունները տրանսպորտը քիչ թե շատ աշխատում էր: Ու չնայած օրական 3 անգամ, սակայն բնակիչները եղածից էլ էին գոհ: Ընտրությունների ավարտից մի քանի օր անց երթուղայինների վարորդները հրաժարվել են հասնել թաղամաս, մի դեպքում պատճառաբանելով, թե գազն է վերջացել, մի դեպքում էլ պարզապես առանց որեւէ պատճառաբանության հրաժարվել են սպասարկել:

Թաղամասի բնակիչները NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում դժգոհել են, որ ինչպես պարզվեց, սա եւս նախընտրական խոստում էր, որը իրականություն էր նախընտրական շրջանում. «Ընտրություններից առաջ քաղաքապետն էկավ, խոստացավ, որ տրանսպորտ է աշխատելու, նորմալ աշխատեց, ճանապարհը նորոգեց, լուսավորություն քաշեց, բայց հենց ընտրվեց, տրանսպորտը սկսեց չգործել»: Բնակիչների փոխանցմամբ՝ եթե քաղաքապետարանը պարտադրի վարորդներին սպասարկել իրենց, ապա վարոդները ոչինչ չեն կարող անել, սակայն այստեղ նաեւ քաղաքապետարանի համապատասխան բաժինների բացթողումն է:

NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Էռնեստ Գեւորգյանն ասաց, որ խնդիրը առաջիկա օրերին կլուծվի, իսկ մինչ այդ տրանսպորտ չի եղել վարորդների պատճառով, քանի որ նրանք հրաժարվել են հասնել թաղամաս, պատճառաբանելով, թե շահույթ չունեն:

Փաստորեն ստացվում է, որ մինչ ընտրությունները նույն այդ վարորդները շահույթով էին աշխատում, իսկ ընտրություններից որոշ ժամանակ անց՝ առանց եկամուտ: Սա էլ այն դեպքում, երբ թաղամաս այցելության ժամանակ քաղաքապետ Սամվել Դարբինյանը խոստացել էր սեպտեմբեր ամսից ավելացնել երթուղայինների քանակը, ոչ թե եղածներն էլ հանել: