Երեկ առավոտյան Լոռիի մարզի Ստեփանավան քաղաքի զորամասերից մեկում կախվելու միջոցով ինքանսպանություն գործած 19-ամյա Մնացական Մնացականյանը ընտանիքի միակ տղա երեխանէ էր: NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Արմավիրի մարզի Գայ գյուղի գյուղապետ Սեյրան Մարկոսյանը չցանկացավ ասել, թե ինչը կարող էր տղային նման քայլի հանգեցնել, միայն նշեց, որ ընտանիքը սովորական աշխատող հայ ընտանիք էր: Ընտանիքում ապրում էին ծնողները, տատիկը, ինքն ու քույրը: «Քույրը երկու ամիս առաջ էր նշանվել, սոցիալապես սովորական ընտանիք էին, հողագործությամբ զբաղվող…»,- ասաց նա:
NEWS.am-ը կապ հաստատեց նաեւ Մնացական Մնացականյանների շրջապատից մեկի հետ, ով իր անունը չհրապարակելու պայմանով որոշակի մանրամասներ հայտնեց դեպքի առթիվ, բազմիցս կրկնելով, որ սա լուրջ գործ է եւ սրա արմատները հեռուն են գնում: «Մեր զինվորը հիվանդ չի եղել, խնդիրներ չի ունեցել, մենք բանակին առողջ տղա ենք տվել, ինչի են իրենք մեզ մահացած զինվորի դին տալիս…»,-ասաց նա, հավելելով. «Եթե զինվորները չեն ծեծել, եթե աֆիցերը չի ծեծել, բա ինչի՞ ա կախվել Մնացականը, մենք մեր հարցերի պատասխաններն ենք պահանջում»,-ասաց նա` խնդրելով այլ հարցեր չտալ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հոկտեմբերի 1-ին, նախնական տվյալներով ինքնասպանություն է տեղի ունեցել Լոռիի մարզի Ստեփանավան քաղաքի N զորամասում:
Առավոտյան ժամը 06-ի սահմաններում, զորամասի զուգարանում կախվելու միջոցով ինքնասպանութոյւն է գործել 19-ամյա Մնացական Մնացականյանը: Վերջինս բնակվում էր Արմավիրի մարզի Գայ գյուղում, եւ զորակոչվել էր բանակ Արմավիրի զինկոմիսարիատից:
Մեր տեղեկություններով, զինվորը գրություն է թողել, որտեղ խնդրում է ծնողներին՝ ոչնչում չմեղադրել իրեն:





























