ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը ուղերձ է հղել ՄԱԿ Գերագույն Ասամբլեայի 67-րդ նստաշրջանի կապակցությամբ:
«Կոչ հավակնության» վերտառությամբ ուղերձում ասվում է.
«Ամեն տարի այս ժամանակ պետությունների առաջնորդները հավաքվում են ՄԱԿ-ի Նյու Յորքում գտնվող կենտրոնակայանում՝ գնահատելու աշխարհում տիրող իրավիճակը: Այս տարի օգտվեցի այս առիթից՝ ահազանգելու որպես մարդկային ընտանիք մեր բռնած ուղղության մասին:
Մենք ապրում ենք խառն, անցումային եւ վերափոխման ժամանակաշրջանում: Տարածվում են անապահովությունը, անհավասարությունը եւ անհանդուրժողությունը: Կառավարությունները մեծ եւ թանկագին միջոցներ են վատնում մահաբեր զենքերի վրա` միեւնույն ժամանակ կրճատելով մարդկային զարգացմանն ուղղված ներդրումները: Իշխանության ղեկին գտնվող չափազանց շատ մարդիկ գիտակցաբար չտեսնելու են տալիս կլիմայի փոփոխության վտանգը: Քաղաքացիները տենչում են աշխատանք եւ արժանապատիվ կյանքի հեռանկար, բայց չափազանց հաճախ փոխարենը ստանում են անհամաձայնություններ եւ ձգձգումներ:
Առաջընթացի որոշ կարեւոր քայլեր եղել են: 2000 թվականից ի վեր ծայրահեղ աղքատությունը կրկնակի կրճատվել է: Արաբական աշխարհում, Մյանմարում եւ այլուր ընթացքի մեջ են դեպի ժողովրդավարություն անցումային փուլերը: Աֆրիկայի տնտեսական աճը դարձել է աշխարհում ամենաարագը: Ասիան եւ Հարավային Ամերիկան կարեւոր ձեռքբերումներ են արձանագրում:
Այնուամենայնիվ, մենք պետք է բարձրացնենք մեր հավակնությունների մակարդակը: Աղքատությունը եւ անհավասարությունը շարունակում են մոլեգնել: Էկոհամակարգերը հասնում են օրհասական վիճակի: Աշխարհի լավագույն փորձն անվիճելի է. մենք պետք է փոխենք ուղղությունը: Ահա թե ինչու աշխարհի առաջնորդներին կոչ եմ արել խթանել կայուն էներգետիկային, կրթությանը, սնուցմանը եւ կանանց ու երեխաների առողջությանն ուղղված նախաձեռնությունները: Տնտեսական ճգնաժամը պատրվակ չի կարող լինել հրաժարվելու այն հանձառություններից, որոնք վերաբերում են բոլոր մարդկանց անհրաժեշտ հիմնական կենսապայմանների ապահովմանը:
Տարածաշրջանային լարվածությունները եւս խորապես անհանգստացնող են: «Սահելի» ճգնաժամը չի արժանանում բավարար ուշադրության եւ աջակցության: Աղքատությունը, խոցելիությունը, երաշտը, ծայրահեղականությունը եւ մոլեռանդությունը ահռելի փորձությունների պատճառ են դառնում. զենք ձեռք բերելը դյուրին է, աշխատանք գտնելը՝ դժվար: Միջազգային հանրությունը պետք է համաձայնեցված մեծ ջանքեր գործադրի` հաղթահարելու այս տագնապալի իրավիճակը: Ճգնաժամը նաեւ ընդգծում է պարենային անվտանգության, սննդային տոկունության եւ սոցիալական ապահովության ցանցերն ուժեղացնելու կարիքը՝ հակազդելու համար գնային հաճախակի ցնցումներին, որոնք դարձել են նորմա: Ճիշտ ինչպես սենսորները եւ սեյսմոգրաֆները մեզ օգնում են նախապատրաստվել բնական աղետներին, նույնկերպ մենք պետք է անենք ավելին` բացահայտելու այն ծայրահեղ կարիքների ազդակները, որոնց բախվում են ամենաաղքատ եւ խոցելի մարդիկ:
Իրավիճակը Սիրիայում վատթարանում է օր օրի եւ դարձել է տարածաշրջանային աղետ՝ համաշխարհային բարդություններով: Մենք պետք է դադարեցնենք բռնությունը եւ զենքերի հոսքը երկու կողմերին եւ հնարավորինս շուտ ապահովենք Սիրիայի կողմից առաջնորդվող անցումային մի շրջան: Շարունակվում են մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումները հիմնականում կառավարության, բայց նաեւ՝ ընդդիմադիր խմբերի կողմից: Մեր պարտականությունն է վերջ դնել միջազգային հանցագործությունների անպատժելիությանը, Սիրիայում եւ այլուր, ու շոշափելի նշանակություն տալ պաշտպանելու պարտավորությանը:
Քանի որ փոփոխության քամիները արաբական աշխարհում եւ այլուր շարունակվում են, մենք պետք է հաղթահարենք պաղեստինցիների եւ իսրայելցիների միջեւ վտանգավոր փակուղին: Երկու պետությամբ լուծումը միակ կայուն տարբերակն է, թեպետ դրա հնարավորությունն էլ կարող է չլինել: Ես նաեւ դեմ եմ ինչպես ապալեգիտիմացման հռետորաբանությանը, այնպես էլ մի պետության կողմից մյուսի հանդեպ հնարավոր ռազմական գործողության սպառնալիքներին: Ցանկացած նման հարձակում կործանարար կլինի: Վերջին շաբաթների պատերազմի մասին աղաղակող խոսակցությունները անհանգստացնող են եւ պետք է մեզ հիշեցնեն խաղաղ լուծումների ու ՄԱԿ-ի կանոնադրության եւ միջազգային իրավունքի նկատմամբ լիակատար հարգանքի անհրաժեշտության մասին: Առաջնորդները պարտավոր են իրենց ձայնն օգտագործել լարվածությունը թուլացնելու համար` մթնոլորտը ավելի շիկացնելու եւ իրավիճակի փխրունությունը մեծացնելու փոխարեն:
Այս ամենն ավելի կարեւոր է անհանդուրժողությամբ պայմանավորված մեծացած լարվածության պայմաններում: Վերջին շաբաթների ընթացքում ամոթալի մեծ անտարբերությունը հանգեցրել է արդարացված օրինախախտումների եւ չարդարացված բռնության: Խոսքի եւ հավաքների ազատությունները հիմնարար են, բայց այդ ազատություններից եւ ոչ մեկը բռնություն հրահրելու կամ իրականացնելու արտոնագիր չէ: Եկել է ժամը, որ պատասխանատու քաղաքական եւ համայնքային առաջնորդները գործի անցնեն: Չափավոր մեծամասնությունը չպիտի լինի լուռ մեծամասնություն:
Այսքան վտանգների պայմաններում ՄԱԿ-ը պետք է համընթաց քայլի իր գործողությունների բազմազանության հետ, որը ներառում է խաղաղությունը, զարգացումը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը, աշխարհի կանանց եւ երիտասարդների իրավունքների եւ հնարավորությունների ընդլայնումը: Մարդիկ ՄԱԿ-ին չեն վերաբերվում ինչպես սոսկ մի հայելու, որ արտացոլում է բաժանված աշխարհը: Մենք պետք է հանդես գանք իբրեւ առաջնորդ, հույս եւ լուծումներ ապահովենք այն խնդիրներին, որ անհանգստացնում են մարդկանց օրվա ընթացքում եւ արթուն պահում գիշերները: Ոչ մի առաջնորդ, պետություն կամ հաստատություն չի կարող միայնակ ամեն ինչ անել: Բայց մեզնից յուրաքանչյուրը իր ձեւով կարող է որեւէ բան անել: Մենք պետք է մարդկանց մղենք առաջին պլան, ուղղենք մեր մեջքը եւ միջազգային համագործակցությունը բարձրացնենք հաջորդ մակարդակին: Ժամանակը մեր օգտին չէ, բայց միասին, որպես գործընկերներ, մենք կարող ենք դիմակայել այսօրվա փորձություններին եւ օգտվել կտրուկ փոփոխությունների ժամանակաշրջանի հնարավորություններից:





























