ԱԺ պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Facebook-ի իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Քիչ առաջ խորհրդարանն ինձ զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից: Գրեթե միաժամանակ տեղեկացանք, որ հարեւան Վրաստանում երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ընդունել է իր կուսակցության պարտությունը երեկ կայացած խորհրդարանական ընտրություններում:

Փաստորեն Վրաստանում արդեն կա քաղաքական հակակշիռ՝ նախագահը մի կուսակցությունից է, օրենսդիրն ու կառավարությունը շուտով կլինեն այլ կուսակցության ձեռքում: Սրանով Վրաստանը մեզանից նաեւ քաղաքականապես եւս տասը քայլ առաջ անցավ:

Այս տարածաշրջանում այս հարցում առաջինը լինելու հնարավորություն մենք ունեինք խորհրդարանական անցած ընտրությունների ժամանակ: Բոլորդ հիշում եք այդ օրերին իմ եւ ԲՀԿ-ի քաղաքական պայքարի գաղափարական հենքը, որն այդ հակակշիռն ստեղծելն էր: Հաշվի առնելով այդ օրերին ժողովրդի տրամադրությունները՝ այդպիսի արդյունքն անխուսափելի էր: Բայց դա չստացվեց, որովհետեւ իշխող կուսակցության պարագլուխները չունեցան այդ հեռատեսությունը՝ կարողանալ պետության եւ ժողովրդի շահերը վեր դասել իրենց նեղ կուսակցական, կլանային եւ անձնական շահերից:

Կեղծվեցին ընտրությունները, եւ այսօր ունենք այն, ինչ ունենք: Եթե լիներ այդ հակակշիռը, այսօր մեր խորհրդարանում նման անարդարություն չէր լինի: Այդ անարդարությունն իմ նկատմամբ չէ: Դա մեր ժողովրդի, սովորական քաղաքացու, երիտասարդ սերնդի նկատմամբ է եւ առհասարակ՝ մեր երկրի ճակատագրի նկատմամբ»: