Հայաստանի Իվանիշվիլին Գագիկ Ծառուկյանն է, ով կկարողանա կոնսոլիդացնել նոր բեւեռը եւ լուրջ փոփոխություններ մտցնել երկրում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
Նրա կանխատեսմամբ՝ փետրվարին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի առաջադրվի, իսկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առաջադրվելը ցույց կտա ժամանակը: Թեեւ, Բոզոյանի կարծիքով, Հայաստանում տենդենցները նման են Վրաստանին, եւ այսօր ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչը Գագիկ Ծառուկյանն է:
Անդրադառնալով Վարդան Օսկանյանի հետ կապված քրեական գործի վերաբերյալ Գագիկ Ծառուկյանի լռություն պահպանելու փաստին՝ նա նշեց, որ Ծառուկյանը իր լեւելը պահում է նախագահի մակարդակով, նա էլ որոշում է կայացրել, որ իր անձով չի միջամտի գործընթացին. «Նախագահական ընտրություններից առաջ այդ լեւելը պահելը կարեւոր է: Եթե Սերժ Սարգսյանը վաղը հայտարարություն անի, ապա կլսեք նաեւ Ծառուկյանի խոսքը: Ծառուկյանը չի խոսի, քանզի սա լեւելի խնդիր է»,- ասաց նա:
Անդրադառնալով հոկտեմբերի 1-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին եւ ընդդիմության հաղթանակին՝ քաաքագետը նշեց, որ Վրաստանում անց են կացվել որակյալ ընտրություններ, որտեղ ընդդմությունը հաղթել, իսկ իշխանությունը շնորհավորել է: Եւ թեեւ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հասել է իր նպատակին՝՝ տնտեսական աճ, կոռուպցիայի վերացում, ապա վրաց ժողովուրդը նրան շնորհակալություն է հայտնել, բայց չի ընտրել, քանի որ նախագահի անձի պատճառով ռուս-վրացական հարաբերությունները չեն կարող առաջ շարժվել: «Սահակաշվիլու եւ Սերժ Սարգսյանի մեջ կա որակական տարբերություն, նա ոչ միայն հայտարարեց, այլեւ իրագործեց պայքարը կոռուպցիայի դեմ, այնտեղ կոռուպցիան գրեթե վերացած է պետական կառույցներում, ոստիկանությունում, մաքսային համակարգում, առաջին ատյանի դատարաններում»,- ասաց նա՝ շեշտելով, որ այսօրվա Հայաստանը հիշեցնում է շեւարդնաձեական Վրաստանը:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի





























